ՀՀ կառավարության կողմից այսօր հավանության կարժանանա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կսահմանվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագիրը, ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները։ Այս նպատակով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում տարեկան մինչև 3.4 մլրդ դրամի չափով: Նշենք, որ հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է:
Ի դեպ, Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան ամսական 97 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 8%:
ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 131 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 10%:
Իսկ Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%։
Ս.Հ.