Կառավարությունը խրախուսում է վարձով ապրող պայմանագրային զինծառայողներին դատելը. պատգամավորի նախագիծը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ընդգրկված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը: Նախագիծը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, սակայն նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

Նախագիծը պատգամավորը հիմնավորել էր նրանով, որ պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում դրամական փոխհատուցում հաշվարկել անկախ զինծառայողի կողմից բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքած լինելու հանգամանքից: Օրենքի ներկա ձևակերպման արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ զինծառայողները տարբեր պայմաններից ելնելով՝ երբեմն իրենց կամքից անկախ հանգամանքներում, իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Եվ արդյունքում այդ զինծառայողների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում:

Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունն իր եզրակացության մեջ նշում է, որ առկա կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ դրամական փոխհատուցումը տրամադրվում է բացառապես բնակելի տարածության վարձակալության համար և չի կարող ուղղվել այլ կարիքների բավարարմանը: Կառավարությոնը անընդունելի է համարում առանց վարձակալության պայմանագրի դրամական հատուցում տրամադրելու գաղափարը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարձակալության պայմանագիրը հանդիսանում է նաև զինծառայողի՝ բնակելի տարածքով ապահոված լինելու երաշխիքը:

Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումից:

Ստացվում է՝ վարձով ապրող պայմանագրային զինծառայողներին դատելը խրախուսում է կառավարությունը:

Ն.Հ.




Լրահոս