Արցախի 4-րդ նրբանցքի 10/1 եւ 10 շենքերի բնակիչներն ահազանգում են. ապրում են կյանքի համար խիստ վտանգավոր պայմաններում: Արդեն մի քանի տարի է՝ սպասում են իրենց բնակարաններին, բայց Երեւանի քաղաքապետարանը այս հարցում դեռ շարունակում է լուռ մնալ:
Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչները չեն կարողանում հանգիստ քնել. ամեն րոպե մտածում են, որ շենքի քարերը պոկվելու են եւ ընկնեն իրենց վրա:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2021 թվականի հուլիսի 16-ին հավանություն էր տվել Երևանի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող հանրակացարանային թվով 3 շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին:
Ծրագիրը պետք է իրականացվեր Երևանի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 500,000.0 հազար ՀՀ դրամի չափով գումարի հաշվին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը, սակայն Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տվել ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան