ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված էր նախագիծ, որով առաջարկվում էր ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել որպես «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամ եւ այն միացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վանաձոր քաղաքում գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձևավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ:
Իրականացված միջոցառումների շնորհիվ զգալի ավելացել է երիտասարդների հոսքը դեպի միջին մասնագիտական կրթական հաստատություններ, ինչը հանրապետությունում կփոխի միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ շրջանավարտների հարաբերակցությունը հօգուտ առաջինի:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղն ունի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված նյութատեխնիկական բազա, նորագույն տեխնիկայով հագեցված լաբորատորիաներ: Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում և նախատեսվում է հաջորդ տարի տրամադրել ժամանակակից նյութատեխնիկական բազա:
Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:
Միացման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ /սովորողների թվի փոփոխություն/:
Ն.Հ.