Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման, օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 65 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (28 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (37 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգում: Գործող կարգում սահմանված չէ, թե համատեղությամբ գիտամանկավարժական գործունեությունիրականացնող անձը որքան ակադեմիական ժամ ծանրաբեռնվածության դեպքում կարող է հավակնել դոցենտի գիտական աստիճան ստանալու համար: Հստակեցվել է համատեղությամբ աշխատողը երբ կարող է դիմել դոցենտի գիտական կոչում ստանալու համար` եթե գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվում է առնվազն 150 ակադեմիական ժամ ժամավճարով: Նոր կարգավորմամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք ունեն դոցենտի կոչում շնորհվում է պրոֆեսորի գիտական կոչում, եթե նրանք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում: Հստակեցվել են նաև աշխատանքային ստաժի տարիները:
Գործադիրի որոշմամբ Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը կվերակազմակերպվի և կմիանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանին: Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր: Միավորումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակական բարձր մակարդակի պահպանմանը: Բացի այդ, ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների ավելի արդյունավետ կառավարելու արդյունքում ֆինանսական միջոցների խնայողությունը թույլ կտա դրանք առավել նպատակային ներդնել կրթական ծրագրերի հետագա զարգացման, ուսումնական հաստատությունը համապատասխան գույքով ու սարքավորումներով համալրելու և հագեցնելու, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման գործում: