ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը վերացնում է Արցախի կոթողների հայկական հետքը. նախկին պատգամավորներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հաագայի դատարանի միջանկյալ վճռին՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է վերացնել Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային ու հոգևոր ժառանգությունը: Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների՝ հայկական մշակութային արժեքների վերացմանն մասին սպառանալիքներին՝ Հայաստանից միայն արտաքին գործերի նախարարությունն է աձագանքել՝ իր 4 տողանոց հայտարարությամբ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նմանօրինակ լկտի հայտարարություններին հակազդելու ամենարդյունավետ միջոցը միջազգային կառույցների, հիմնականում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամենօրյա ու քրտնաջան աշխատանքն է: Եթե չլծվենք այդ աշխատանքին, ապա ահազանգում է Աբրահամյանը, կորցնելու ենք Արցախի հայկականությունը:

Միջազգային կառույցների հետ ամենօրյա ռեժիմով ու անդադար աշխատանքի մասին նաև Աբրահամյանի նախկին գործընկերը՝ իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն է բարձրաձայնում: Սիմոնյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հասկանում է, որ իր սանձարձակությունը թույլատրելի է դարձել թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային տարբեր գործընկերների կողմից: Ու եթե մեր միջազգային գործընկերները կարող են լռել, ապա մենք դրա իրավունքը պարզապես չունենք:

Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ՝ Արցախում հայկականության հետքի վերացման Ադրբեջանի հեռահար նպատակը հայկական կողմի ինքնորոշման իրավունքի ու առհասարակ որևէ հավակնության բացառումն է: Աբրահամյանը շեշտում է նաև, որ մշակութային կոթողների պահպանության հարցում մեծ դեր ու առաքելություն պետք է ունենան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերը: Որպես օրինակ՝ Կոսովոն է բերում, որտեղ խաղաղապահները տասնամյակներ շարունակ մարդկանց անվտանգությանը զուգահեռ նաև մշակութային ու հոգևոր հուշարձաններն են հսկում՝ թույլ չտալով դրանց նենգափոխումը կամ վերացումը:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս