ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԳՈՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը, ըստ Եվրամիության չափանիշների, մուգ կարմիր գոտում է գտնվում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով՝ վերջին 14 օրերի ընթացքում դրական թեստերի մասնաբաժինը կազմել է 38.5 տոկոս, մինչդեռ նախորդ 14 օրերին եղել է 10.5 տոկոս: Ավելին՝ 0-18 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը, մասնագետի խոսքով, շարունակում է աճել: Մասնավորապես, 3-5 տարեկանների շրջանում հիվանդացությունը աճել է 7.3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 4 անգամ, իսկ 18-23 տարեկանների շրջանում՝ 5.3 անգամ: Հիվանդացության աճ, մասնագետի խոսքով, գրանցվում է Հայաստանի բոլոր մարզերում, սակայն այն առավել բարձր է Երեւանում: Ռոմելլա Աբովյանը նաեւ նշեց, որ երկրում հիմա տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամը, որով վարակվածները ավելի հազվադեպ են հոսպիտալացման կարիք ունենում, քան նախորդ՝ դելտա շտամով վարակվածները: Այս պահի դրությամբ Հայաստանում 1563 երեխա հիվանդության պատճառով դպրոց ու նախադպրոցական հաստատություն չի հաճախում: Նրա խոսքով՝ բացակայությունները պայմանավորված են ինչպես կորոնավիրուսային վարակով, այնպես էլ գրիպով եւ ՍՇՎ-ով: Հիվանդությունների բոլոր երեք խումբն էլ հիմա թիրախավորում են 0-18 տարեկան երեխաներին եւ արտահայտվում են գրեթե նույն ախտանիշներով: Ինչպես նշել է մասնագետը, Երեւանում հիվանդության պատճառով բացակայողների թիվը հասել է 1098-ի: Շատ դպրոցներ աշակերտների 10 տոկոսի բացակայության դեպքում անցնում են հեռավար ուսուցման՝ ամբողջովին կամ մասնակի: Հիշեցնենք, որ համաճարակով պայմանավորված՝ Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի, այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան:

 

 




Լրահոս