ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար սկսել է նոր շարք, որտեղ բացահայտում ենք, թե որն է հայ հայտնի դերասանուհիների կամ երգչուհիների նախընտրելի ոճը, ինչ բրենդներից են օգտվում, եւ որն է նրանց ամենաթանկ եւ էժան գնումը։
ArmLur.am-ը այս անգամ զրուցել է դերասանուհի Անիտա Ավետիսյանի հետ։
Անիտայի խոսքով` նա բրենդամոլ չէ եւ հատուկ բրենդների հետեւից չի վազում. «Ինձ համար կարեւորը ոչ թե բրենդն է, այլ այն, թե արդյոք այն ինձ համապատասխան է: Իհարկե, ունեմ հենց բրենդային հատուկ գնված հագուստներ, որոնք շատ լավն են թե՛ որակապես եւ թե՛ ոճով, բայց ամեն դեպքում բրենդի հետեւից չեմ վազում»։
Մեր զրուցակցի սիրելի բրենդներն են «Ֆետտի», «Շանել» եւ «Զառա»։ Իսկ թե որն է եղել նրա ամենաթանկ գնումը, դերասանուհին դժվարացավ մտաբերել. «Կարծում եմ՝ ձմեռային հագուստներս են եւ մուշտակներս»։
Իսկ ամենէժան գնումները դրանք ամառային սովորական առօրյա վերնազգեստներն են։
Անիտային հանդիսատեսը կարող է տեսնել գրեթե բոլոր ոճերում, սակայն դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ շատ է սիրում կրել սպորտային հագուստներ, քանի որ այն հարմարավետ է կրել առօրյայում:
«Առհասարակ շատ եմ սիրում վառ երանգները, նաեւ կրում եմ: Այդ մասով վերապահումներ չունեմ: Իսկ հագուստի մեջ սիրում եմ, որ այն մարմինս ընդգծում է, ինձ համար այդպես ավելի գեղեցիկ է: Բացի այդ, շատ եմ սիրում եմ հագնել նաեւ կլասիկ կոստյումներ, իհարկե ոչ առօրյայում, քանի որ այն ինձ համար ավելի պարտադրող ոճ է»,-ընդգծեց դերասանուհին:
Անիտայի խոսքով՝ նկարահանման հրապարակից դուրս նա միշտ կրում է սպորտային հագուստներ, իսկ նկարահանման հրապարակում կրում է կերպարին համապատասխան հագուստներ:
Նշենք, որ երիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Սարի աղջիկ», «Երդում» հեռուստասերիալներից: Անիտան նաեւ լրջորեն զբաղվում է երգարվեստով:
Անիտան ինչպես նշել է ավելի վաղ մեզ հետ զրույցում, ունի իր սեփական արվեստի դպրոցը, որտեղ կրթում են երեխաներին, սակայն դերասանուհին չի թաքցնում , որ ֆինանսական մեծ խնդիրները լուծում է նրա հայրը, ով նրա առաջին թեւ ու թիկունքն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՇՈՒՇԻԻ ԳՈՐԳԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Շուշիի փրկված գորգերի հավաքածուի սեփականատերերն աշխատում են միմյանց հետ՝ հասկանալու, թե որն է լավագույն տեղը դրանք ցուցադրելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրեց, որ Արցախի պատերազմի ընթացքում Շուշիից շուրջ 170 գորգերի օրինակներ է հնարավոր եղել փրկել: «Գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: Դրանք ծալված, հավաքված վիճակում են, սակայն առայժմ գորգերը ցուցադրելու համար որեւէ այլ տարածք չի տրամադրվել»,- ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց՝ գորգերի համար կտրամադրվի արդյոք հատուկ տարածք, որտեղ դրանք կցուցադրվեն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, որ հավաքածուի սեփականատիրոջ հետ մի քանի հանդիպում է ունեցել: «Պատկերը հետեւյալն է՝ մենք ունենք քաղաքականություն՝ արժեքները մեկտեղելու, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետեւ երբ ներկայացվող ցուցանմուշները հարուստ են եւ բազմապիսի, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են լինում: Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, դրա քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող ու առաջատար լավագույն թանգարաններում կազմակերպել այդ գորգերի ցուցադրությունը: Նկատի ունենանք նաեւ, որ սա մասնավոր հավաքածու է: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան (տրամադրել լավ հարթակ՝ ցուցադրելու այս ամենը) դժվար է այսօր առաջարկել: Հակառակ դեպքում, մենք պետք է գնանք նոր թանգարան կառուցելու ճանապարհով, գուցե քննարկելի է, չգիտեմ»,- ասաց Խզմալյանը:
Նա նշեց, որ այս պահին էլ հավաքածուի սեփականատերն աշխատում է նախարարությունից պատասխանատուի հետ, հիմա որոշում են, թե որն է լավագույն տեղը, որ դրանք ցուցադրվեն: Խզմալյանը նշեց, որ այսօր գոյություն ունեցող ռեսուրսների պայմաններում առաջարկվել են լավագույնները:
ԿԱՐՈՂ Է ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ
Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչներից մեկը կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ. հաղորդում է insidethegames.biz-ը, որը հայտնի է Միջազգային օլիմպիական կոմիտեից, միջազգային ֆեդերացիաներից եւ հակադոպինգային գործակալություններից հավաստի, հետագայում հաստատվող տեղեկությունների արտահոսքով։ Դոպինգ թեստը արվել է խաղերի մեկնարկից առաջ։ Թիմային մրցաշարի արդյունքները կարող են վերանայվել, Ռուսաստանի հավաքականը՝ որակազրկվել։ Այս մրցաձեւի պարգեւատրության արարողությունը դեռ չի անցկացվել, թեեւ նախատեսված էր փետրվարի 8-ին։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Ադամսը հայտարարել է, որ պարգեւատրման արարողության հետաձգման պատճառը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի իրավաբանական խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությունն է։ Ռուսաստանի գեղասահորդներից Կամիլա Վալիեւան, Մարկ Կոնդրատյուկը եւ սպորտային զույգ Անաստասիա Միշինան ու Ալեքսանդր Գալյամովը փետրվարի 9-ին բաց են թողել պաշտոնական մարզումը։ Հիշեցնենք, որ թիմային մրցաշարում փոխչեմպիոն է դարձել ԱՄՆ-ի հավաքականը, բրոնզե մեդալները նվաճել են ճապոնացիները։
ԱՎԱՐՏԵՑ
33-ամյա արգենտինացի թենիսիստ, 2009թ. ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն Խուան-Մարտին դել Պոտրոն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Երեք տարվա դադարից հետո նա մասնակցեց Բուենոս Այրեսի ATP-250 շարքի Argentina Open մրցաշարին եւ առաջին շրջանում 1:6, 3:6 հաշվով պարտվեց արգենտինացի Ֆեդերիկո Դոլբոնիսին։ Դել Պոտրոն ծնկահոդի վնասվածքի հետեւանքով երեք տարի կորտ դուրս չէր եկել։ «Այսօր ես դրեցի վերջակետ։ Հիմա պետք է բուժեմ ծունկս, որպեսզի նորմալ զգամ ինձ ամենօրյա կյանքում։ Այսօր ունեցա անմոռանալի զգացումներ։ Սա իմ վերջին խաղն էր։ Ես երջանիկ եմ հեռանում»,- Դել Պոտրոյի խոսքը մեջբերում է Argentina Open-ի թվիթերյան էջը։ Աշխարհի նախկին երրորդ ռակետը ծնկի վնասվածքի պատճառով չորս անգամ ենթարկվել է վիրահատության։
ՉԻ ԵՐԿԱՐԱՑՆԻ
Ֆրանսիական ՊՍԺ-ն դեռ նոր պայմանագիր չի առաջարկել թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։ Փարիզյան ակումբը չի ցանկանում երկարաձգել համագործակցությունը արգենտինացի ֆուտբոլիստի հետ, որը փետրվարի 14-ին կդառնա 34 տարեկանմ։ Անխել Դի Մարիան ցանկանում է շարունակել մրցելույթները ՊՍԺ-ում, սակայն նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 19 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։