ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՔՆՆԻ ԻՐ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՀԱՆՑԱ՞ՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Իշխանությունը պատերազմի հանգամանքները միայնակ՝ առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների կքննի: Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ չլեգիտիմացնելու դրա ավարտից հետո հրապարակվող զեկույցը կամ գնահատականները: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ առաջին անգամ է, որ խորհրդարանական այս կամ այն աշխատանքը բոյկոտելն արդարացված է համարում: Իսկ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելն ու այն բոյկոտելու պատճառաբանությունը, ըստ Թովմասյանի, առավել քան  պարզ է ու տրամաբանված. հանցագործության մասին վարկածը չի կարող քննել ենթադրյալ հանցագործը:

«Իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքները չի կարող քննության առարկա դարձնել ու քննել, թե արդյոք ճիշտ է եղել այս կամ այն քայլն իրականացնելիս: Այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը կա՛մ պարզապես գոլորշի է բաց թողնում, ու պատերազմի հանգամանքների մասին ոչ ոք իրականությունն այդպես էլ չի իմանալու, կա՛մ հանձնաժոողվի աշխատանքների ավարտից հետո պատերազմի պարտության մեղավորներ են կարգվելու, ու այդ մեղավորները լինելու են հիմնականում բանակից հեռացված սպաները, այդ թվում՝ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Այսինքն՝ հանձնաժողովը միայն մեկ նպատակ ունի՝ արդարացնել պատերազմի պարտությունն ու իշխանություններին»,- նշում է Թովմասյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացնում՝ եթե ի սկզբանե գիտենք, որ այս հանձնաժողովի նպատակը ոչ թե ինչ-որ բան բացահայտելը, այլ հետապնդումներ իրականացնելն է, ավելին՝ այն ոչինչ չի տալու հասարակությանն, ու ամեն բան ռազմական գաղտնիքի անվան տակ փակ դռների հետեւում է քննարկվելու, ապա ընդդիմությունն ասյտեղ ի՞նչ է անելու:

Թովմասյանը հիշում է նաեւ՝ ինչպես պատերազմից հետո այն ժամանակ ռազմական տեսուչ  Մովսես Հակոբյանն աղմակահարույց բացահայտումներ իրականացրեց պատերազմի հանգամանքների մասին, բայց պատկան մարմինները ոչ թե նրա ասած հանգամանքները, այլ իր անձը քննության առարկա դարձրեցին: Իսկ քննիչ հանձնաժողովի ոչ օրինակելի աշխատանքի արդյունք ունենք. «Ապրիլյան ……. հանձնաժողովի աշխատանքների արդյունքները ով իմացավ՝ ինչ տվեց հանձնաժողովի աշխատանքները. ոչինչ»,- եզրափակեց Թովմասյանը:

 

 

 

Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ ,729մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։  Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ բյուջեի կատարողականի հաշվետվությունից։ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մկն 278 հազար դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Այսպիսով, Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոսով, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջանը։ Իսկ այժմ անդրադառնանք ոլորտներին. օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողներին բաշխվել է 915 մլն դրամ պարգեւավճար՝ նախատեսված 991 մլն դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 92,3 տոկոս, որը ավել է 2020 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 153 մլն դրամով։ «Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, եզրաքարերի վերանորոգումը՝ 84 տոկոս, վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ սա ըստ էության Հայկ Մարությանի գլխավորությամբ կատարած աշխատանքի արդյունքն է։

 

 

 

 

Ազգային ժողովը 2021 հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն երկու առանցքային նախագիծ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք ներկայացրել էր կառավարությունը 2019թ. ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։ «Ժողովուրդ»  օրաթերթին հայտնի էր դարձել, որ նոր ստեղծվելիք դատարան աշխատանքի անցնելու համար դիմել են հայտնի գործեր քննած դատավորներ, մասնավորապես՝ աղմկահարույց գործեր քննած դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը իշխանությունների «սրտի դատավորն»  է համարվում եւ եղել է նախկին դատախազ: Սակայն ուշագրավ այն է, որ նոր ստեղծվելիք դատարանում նաեւ ցանկություն է հայտնել լինել եւ, դեռ ավելին, ցուցակում է ընդգրկված եղել օրերս կալանավորված Բորիս Բախշիյանը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ է եկել, եւ դատավորը, ըստ էության, չի կանխատեսել, որ իրեն կալանավորելու են: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո վերջինիս անուն-ազգանունը հանել են նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկից:

 

 

Հայաստանում մի կողմից ավելանում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, մյուս կողմից՝ անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, նախորդ տարվա արդյունքներով, նվազել է 1.1 տոկոսով` կազմելով 933 մլրդ 2 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անտառային տնտեսության ոլորտներում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում նախորդ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 977 մլրդ 327 մլն դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, նվազել է 1 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն 2020 թվականի ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Փոխարենը անասնաբուծության ոլորտում է աճ արձանագրվել՝ 0.8 տոկոսի չափով, իսկ անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս:

 

 

 




Լրահոս