ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ «Հայաստան» դաշինքն իր՝ նվազագույն աշխատավարձերը 100 հազար դրամ դարձնելու նախագծով ցանկանում էր տպավորությւոն թողնել, թե իշխանությունը չի ցանկանում, որ մարդիկ լավ ապրեն։

 

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախագիծն իրականում մերժվել է այն պատճառով, որ այն թերի էր ու հիմնազուրկ։

-Տիկի՛ն Տիգրանյան, իշխանությունը մերժեց ընդդիմության այն առաջարկ-նախագիծը, որով ցանկանում էին նվազագույն աշխատավարձը բարձրացնել։ Այս մասով տարբեր հայտարարություններ կան. ո՞րն է իշխանության մեկնաբանությունը: Թեեւ դահլիճից շատ եք խոսել, բայց ավելի պարզ ասեք քաղաքացիներին՝ ինչու չեք ուզում, որ նրանք ավելի լավ ապրեն։

-Սա ամենապարզ ձեւակերպումն է, որ նախագիծ բերվեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, իշխանությունները այն մերժեցին եւ հետեւություն՝ ուրեմն իշխանությունները չեն ուզում, որ ժողովուրդը  լավ ապրի։ Բոլորովին հիմնավորումն այլ է։ Իմ կարծիքով՝ նախագիծը շատ անփույթ էր կատարված, եւ դրա ներկայացնող հիմնական զեկուցող-հեղինակը եւս ընդունեց, որ նախագիծն, ըստ էության, իրավական առումով թերի է։ Այն մասով, որ չկար կապն այն հարակից իրավական ակտերի հետ, որոնցում եւս պետք է փոփոխություններ կատարվեին, երբ մենք փոխում ենք նվազագույն աշխատավարձը։ Ինձ մոտ տպավորություն էր, որ ուղղակի ընդդիմությունն այս նախագիծը բերում է ժողովրդին ուղերձ ուղղելու, որ մենք բերում ենք նախագիծ աշխատավարձը բարձրացնելու մասին, բայց այս աշխատավարձը բարձրացնելու իրավական նախաձեռնությանը մոտեցել էին իմիջիայլոց։ Չկար որեւէ հաշվարկ,  թե եկամուտների եւ ծախսերի ինչ ավելացում են նախատեսում։ Այդ փոփոխությունով պայմանավորված չէր նաեւ հանրային ապարատի աշխատավարձը։ Այսինքն՝ բազային նվազագույն աշխատավարձին  անդրադարձ չէր կատարվել, ինչպես նաեւ անդրադարձ չէր կատարվել  ժամավարձով եւ գործավարձով աշխատողների աշխատավարձին։ Եթե միայն այդ ձեւակերպում մենք ընդունեինք օրենքը, կնշանակեր, որ նրանք, ովքեր ունեն, կոպիտ ասած, ամսական աշխատավարձ, դա վերաբերելու է միայն նրանց։ Այսինքն՝ աշխատողների մի փոքր կատեգորիայի վրա էր ազդել այդ օրենքը։ Քննարկման ընթացքում նախագիծը նեկայացնողը այդ 100 հազարը  սահմանել էր, հետո ասաց՝ դուք դեմ չե՞ք, եթե, օրինակ, 85 հազարի դրամի էլ կողմ քվեարկեք։ Այսօրվա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 73 հազար է, գուցե 73 հազար էլ առաջարկվեր քվեարկելու։ Այսինքն՝ այստեղ խնդիրն այն չէր, որ հատկապես 100 հազար դրամով ուզում  էին լավացնել մարդկանց կյանքը, այլ ընդամենը ուղերձ հղեն, որ իրենք կողմ են աշխատավարձի բարձրացմանը, իսկ մենք այդ երեւույթին դեմ ենք։ Մեր մոտեցումը հետեւյալն էր. հիմնավորում եք, ինչու հենց 100 հազար, եւ ոչ թե 110 հազար դրամ, եւ փոխելու դեպքում մենք փոխում ենք բոլորի աշխատավարձը, այդ թվում՝ հանրային հատվածի աշխատավարձը։ Նախագիծը ներկայացնողն ընդունեց, որ այս փոփոխությունները կանի, ինչը նշանակում է, որ պետք է չհամաձայներ այդ տեսքով նախագիծը քվեարկելուն, հետ քաշեր նախագիծը եւ երկու շաբաթվա ընթացքում բերեն լրամշակվածը։ Եվ քանի որ նա հրաժարվեց հետ քաշել նախագիծը, նշանակում է, որ այս տեսքով մերժվեց։

-Հիմա ստացվում է, որ սա սոսկ քաղաքական, ոչ բովանդակային բնույթի նախագիծ էր, այսինքն՝ մարդկանց համար ցանկալի բան լսելու նախագիծ էր։ Ճի՞շտ ենք ենթադրում։

-Ինձ մոտ այդ տպավորությունն էր։ Իսկապես որ նախագծի վրա լուրջ, իրավական աշխատանք, որպես այդպիսին, որպես խմբակցության կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնություն, աշխատած չէր։ Ընդհամենը 68 հազար դրամ տողի մեջ 68 թիվը փոխվել էր 100 հազար-ով եւ ներկայացվել քննարկման։ Ուշադրություն չէին դարձրել անգամ, որ նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, որն առանց այդ էլ կարճ օրենք է՝ 4 հոդվածից բաղկացած, գոնե 2-րդ մասը պետք է 1-ին մասի հետ համապատասխանեցնեին, որովհետեւ եթե նվազագույն աշխատավարձը ամսականը փոխվում է, պետք է փոխվի նաեւ կրճատ աշխատաժամանակով աշխատողի ժամային դրույքաչափը։ Սա ուղղակի շատ արագ արված, հանրությանն ուղղված դեկլարատիվ խոսք էր, որ ես եկա քո կյանքը բարելավվելու, այս ապիկար իշխանությունը չուզեց դա անել։ Որեւէ ֆինասական հաշվարկ հիմքում դրված չէր։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԴԱՇԻՆՔԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԲԱՆՏԱՊԵՏԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը դատի է տվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մ. Հակոբյանին: Դաշինքը, դատի տալով բանտապետին, պահանջում է, որ դատարանը ստիպի Վանաձոր համայնքի ավագանու նիստերի ժամանակ Մամիկոն Ասլանյանին տրամադրել ինտերնետ կապ եւ տեխնիկական միջոց համակարգիչ կամ հեռախոս նիստերին հեռավար ձեւաչափով մասնակցելու հնարավորությունն ապահովելու համար:

 

Հիշեցնենք, որ օրերս ArmLur.am-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարությանը:

Վերջինս պահանջում է, որպեսզի վարչական դատարանը ապահովի 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված եւ ձեւավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին իր մասնակցությունը եւ քվեարկելու իրավունքը: Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցանք է կատարել։ Բացի այդ, առանց համապատասխան թույլտվության, Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետեւանքով համայնքին էական վնաս է հասցվել:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան» դաշինքը զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։ Վանաձորի ավագանին դեռեւս քաղաքապետ չի ընտրել, մինչդեռ Ասլանյանը հայտնել էր, որ իր գլխավորած դաշինքն ավագանու նիստին կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։

Ք. Մ.

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵԿԱՄՈՒՏԸ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ըստ այդմ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 81,729,646.4 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 85,801,844.1 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 95.3%։ Ընդ որում, Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 84,493,669.8 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 80,667,846.4 հազար դրամ՝ ապահովելով 95.5% կատարողական: Երեւան քաղաքի 2021 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 30,694,325.8 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 30,611,350.8 հազար դրամ կամ 99.7%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավել է 2020 թվականի համապատասխան ցուցանիշից 6,082,399.0 հազար դրամով։ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80,353,278.8 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ: Հարկ է նշել, որ 2021 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 23,835,086.9 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1,376,367.6 հազար դրամ հավելուրդով։

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Ջանիբեկ Սերոբի Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանին պատկանող, Երեւան քաղաքի Եղվարդի Խճուղի 132 հասցեում գտնվող հացատան սրահում, իսկ այնուհետեւ դրսում՝ հացատան դիմաց, ծեծի է ենթարկել Արթուր Սահակյանին, որի ընթացքում դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա ձախ աչքին՝ պատճառելով նրա առողջությանը ծանր մարմնական վնաս՝ օրգանի ֆունկցիայի /ձախ աչքում տեսողության/ կորստի հատկանիշներով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն արդեն դատարանում է: Այն քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:




Լրահոս