ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է ՌԴ-Ուկրաինա լարվածության, Թուրքիա-Հունաստան հարաբերությունների, Կիպրոսի, ինչպես նաեւ Թուրքիա-Հայաստան եւ Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը: Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ապագան եւ ճակատագիրը սերտորեն կապված են», – ընդգծել է նա։ Վերջինս նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների՝ ճանապարհ բացելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության համար։ «Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից եւ վերանայի իր դիրքորոշումները։ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, եւ մենք դեմ չենք եղել։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը:

 

Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։ Նա հավելել է, որ այժմ տարածաշրջան պետք է գա խաղաղությունն ու համագործակցությունը։ «Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման վրա՝ իրականացնելով կարեւոր ծրագրեր։ Դա անելու համար բոլոր երկրները պետք է հասկանան միմյանց եւ պետք է մասնակցեն գործընթացին։ Ոչ ոք չպետք է հետ մնա, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։ Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի մոտալուտ ագրեսիայի մասին պնդումների շուրջ Արեւմուտքի կողմից բորբոքված ոգեւորությունը հարվածում է Ուկրաինային՝ ներառյալ այդ երկրի տնտեսությանը: Նրա խոսքով՝ Թուրքիան իր միջնորդական ջանքերում գիտակցում է, որ խնդրի արագ լուծում չի լինի։ «Միեւնույն ժամանակ, այս փուլում կարեւոր են քայլերը էսկալացիայի մակարդակը նվազեցնելու եւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։

Իրավիճակն այնքան սարսափելի չէ, որքան պատկերում են Արեւմուտքում, բայց նաեւ լուրջ է»,- նշել է նա։ Չավուշօղլուն այնուհետեւ ուշադրություն է հրավիրել Հունաստանի հետ հարաբերություններում առկա հակասությունների վրա։ Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել է միջազգային պայմանագրերի կոպիտ խախտման մեջ՝ շեշտելով, որ Հունաստանը զենք է տեղակայել զինվորականների համար փակ համարվող կղզիներում։ Նա Հունաստանին նաեւ մեղադրել է միգրանտների հետ կապված միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների խախտման մեջ։ «Աթենքում մեզ ասում են, որ Հունաստանը չափազանց շատ անօրինական միգրանտների հոսքի է ենթարկվում, բայց դա նրանց իրավունք չի տալիս ոտնահարել մարդու իրավունքները։ Այսօր Թուրքիայում կա մինչեւ 5 միլիոն փախստական եւ միգրանտ»,- ասել է Չավուշօղլուն։

Ն. Հ.

 

 

 

ԱՆՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ

2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում իրականում ունեցել ենք 75 զոհ, ի տարբերություն այս պատերազմի՝ զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են: Այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով, թե ինչու էին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին անդրադառնում ապրիլյան պատերազմի զոհերի թվին: «Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակահատվածում տարբեր ուժեր հետեւողականորեն փորձում էին ծանրացնել իրավիճակը. անընդհատ ներկայացվում էր 100-ից ավելի զոհեր որակումը, որը իրականության հետ որեւէ համապատասխանություն չուներ: Շահարկվում էր, շրջանառվում էր իրականության հետ աղերս չունեցող տեղեկություն, թե այդ ժամանակահատվածում զոհերի թիվը 100 է եղել: Այս պատերազմի վերաբերյալ իշխանության տարբեր դեմքեր փորձում են հասականալ՝ ինչու են տարբեր թվեր շրջանառվում. իշխանության նկատմամբ վստահություն չկա, տարբեր մարմիների կողմից ներկայացվող տեղեկատվությունը այնքան ժամանակ դեռեւս հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել՝ անուն-ազգանուններով: Երեկ հնչեց ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող կեղծ տեղակատվություն, այլ նրա ընտանիքին վերագրվող, թե 7000 թիվ է հնչել, բայց նման բան չի եղել. հնչել  է 4750 թիվ »,-ասել է նա:

 

 

ՀԵՐՔՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՊՆԴՈՒՄԸ

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ Առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե երեկ երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ժամ՝ ընդմիջումներով գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանում:

 

 

ՄՆԱՑԵԼ ԵՆ ԼԱՐՍՈՒՄ

«Վերին Լարս» հսկիչ անցագրային կետում կուտակվել է մոտ 100-150 հայկական մեքենա։ Այս մասին ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Նա պարզաբանել է, որ Հյուսիսային Օսիայի կողմից կուտակվել է ավելի քան 1000 մեքենա, դրանց 10-15 տոկոսը հայկական մեքենաներ են։ Ըստ նրա՝ ձյան եւ ուժեղ քամու պատճառով ճանապարհը պարբերաբար փակվում-բացվում է։ «Գիշերվանից Խաչի լեռնանցքը փակ է»,- նշել է մաքսային կցորդը։

 

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ  ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստան 2021 թվականին ժամանել է 870 հազար 308 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 212 հազար 967-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 350 հազար 569 զբոսաշրջիկ, իսկ 2020-ին այդ թիվը կազմել է 137 հազար 602: Բացի այս, 11 հազար 372-ով ավելացել են Ֆրանսիայից, 9853՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները:

Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 19 հազար 453-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 1451-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Եթե 2020 թվականին ՀՀ Թուրքիայից ժամանել է 2278 զբոսաշրջիկ, ապա 2021-ին նրանց թիվը կազմել է 3729:

Սրան զուգահեռ՝ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020-ին Հայաստան այցելել է 18 հազար 278 իրանցի զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարի այդ թիվը կազմել է 91 հազար 148: Չի բացառվում, որ առաջիկայում եւս իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի, քանի որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Ի դեպ, զգալի ավելացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 5826-ից հասնելով 31 հազար 662:

Իսկ մինչ այդ նկատենք, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 40.5 տոկոսով: Անցյալ տարի մեր երկրից մեկնել է 423 հազար 380 զբոսաշրջիկ` 2020-ի 301 հազար 326-ի դիմաց:

 

 

 

ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ

ԱՎԾ-ն հրապարակել է 2021թ. ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։ Այս մասին նշել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Տնտեսական աճը 2021թ. կազմել է 5.8% (այս պահին ՀՆԱ ցուցանիշը չկա, եւ, ուրեմն, նկատի ունենալով նախորդ տարիների փորձը՝ իբրեւ տնտեսական աճի ցուցանիշ դիտարկում ենք ՏԱՑ-ը)։ Բայց չէ՞ որ 2020-ին անկումը կազմել էր 7.5%։ Ուրեմն 2021-ին չեն կարողացել նույնիսկ վերականգնել 2019-ի մակարդակը։ Եվ, ընդհանրապես, 2018-2021թթ. ՀՀ տնտեսությունն աճել է 11.4%-ով կամ ունեցել է տարեկան 2.85% հավելաճի տեմպ։ Սա վատագույն քառամյակն է՝ սկսած 1994թ.-ից։ 2021-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1684 մլրդ դրամ եւ 2020-ի նկատմամբ աճել 7.9%-ով, սակայն եկամուտների աճի 91%-ը եղել է գնաճի հաշվին (գնաճ՝ 7.2%)։ Նորմալ պայմաններում բյուջեի հավելաճը պետք է լիներ 13% (7.2 + 5.8)։ Արդյունքում պետական բյուջե/ՀՆԱ հարաբերակցությունն իջել է»,- նշել է Հ. Բագրատյանը։

 

 




Լրահոս