«ԵՐԴՎԵԼ ԷԻ ՀԱԴՐՈՒԹԻ, ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ ՉԵՐԳԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը հանրության դատին հանձնեց «Շուշի» ստեղծագործությունը, որը սիրո խոստովանություն է չքնաղ Շուշիին եւ կարոտի արտացոլանք։ ArmLur.am-ը երգի գաղափարի եւ ստեղծման մասին զրուցել է երգչուհու հետ։

 

-Տիկի՛ն Պետրոսյան, «Շուշի» ստեղծագործությունը ինչպե՞ս ստեղծվեց։

-Երաժշտությունն ու խոսքերի հեղինակը Աննա Հովներն է, ու ուրախ եմ ու շնորհակալ, որ ցույց տվեց ինձ այս սիրուն սիրո խոստովանությունն ու դրաման՝ զետեղված մի երգում։ Յուրաքանչյուր հայ զգացել է Աննայի ու իմ ապրածն այս երգի ծնունդով։

-Իսկ ինչո՞ւ հենց «Շուշի»… Ի՞նչ մեսիջ է այն հաղորդում, ո՞րն է գլխավոր գաղափարը, որ կուզենայիք փոխանցել Ձեր ունկնդրին։

-Իսկ էլ ի՞նչ, եթե ոչ Շուշի։ Ի սկզբանե երդվել էի ինքս ինձ, որ որեւէ երգ Շուշիի, Հադրութի մասին չեմ երգելու, որ չդառնան Էրգրի երգերի նման կարոտի երգեր։ Բայց այս երգում մի նախադասություն կար, որ փոխեց ամեն-ինչ, ու հասկացա, որ պիտի երգեմ ու անպայման։ Հասկացա, որ պիտի չնկճվենք ու մեր վերքերը պետք է սպեղենք, ամրանանք ու ոտքի ելնենք։ Լույսի դուռը բացվելու է, հավատացա՛ծ եղեք։

-Ձեր երգերը մեծ հուզականություն եւ առ հայրենիքը մեծ սեր են պարունակում։ Ի՞նչ մտավախություններ եք ունեցել այն կատարելիս։

-Մտավախություններ չկան, վայրէջքներին հաջորդում են վերելքները, ու ամեն փորձություն մարդու համար է, հատկապես՝ հայի համար։ Հետեւեք մեր պատմությանը…

-Գիտեմ՝ ծանր թեմա է, բայց շատերն արդեն համակերպվել են կամ էլ վախենում են խոսել, Դուք ի՞նչ արձագանքներ եք լսել տեսահոլովակի պրեմիերայից հետո։

-Արձագանքները գոտեպնդող են, կամք են ու ուժ։ Շնորհակալ եմ բոլորին նույնանման վերապրելու համար, Աննա Հովներին, «Արդինի» ստուդիային, Վահե Յանին, Սուրեն Թադեւոսյանին ու բոլոր-բոլորին, որ կողքիս էին երգն ու տեսահոլովակը ստեղծելիս ու արձագանքողներին… Համակերպվողը ողորմելի, անարժանապատիվ տեսակն է: Եռաբլուրը վրեժ է շնչում, ի՞նչ համակերպվելու մասին է խոսքը։ Վախենալ ինչի՞ց, ակնհայտը, դավաճանությունը բարձրաձայնելու՞ց, այդ դեպքում նույնքան մեղք ունեն կորսված երկրի ու տղերքի առջեւ։

Անարժանիների մասին չխոսենք, լա՞վ։

Ինչպես իմ հետախույզ ընկերներն էին ասում մարտական առաջադրանքի մեկնելիս, լավ է լինելու։

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՀՀ-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը վկայություն է այն մասին, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում եւ ընդհանրապես պատմական հայրենիքում. այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությանը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական եւ պատմամշակութային կոթողներն ավերելու եւ ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին:

 

«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի նախարարի դիրքորոշման եւ մտադրության կապակցությամբ։ Եվ այդ հայտարարության մեջ խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Մեր կարծիքով՝ սա եւս մի վկայություն է այն բանի, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում եւ ընդհանրապես պատմական հայրենիքում։ Այստեղ իրավացի են պնդումները այն մասին, որ սա տարիներ շարունակ տեւած հայատյացության եւ էթնիկ զտումների քաղաքականության մի դրսեւորում կարող է լինել։ Կարող եմ ասել, որ սա նաեւ մարտահրավեր է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի համար եւ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վերաբերյալ վճռի առումով, որտեղ շատ հստակ պարտադրվում է Ադրբեջանին կանխել եւ պատժել վանդալիզմի եւ պղծման դեպքերը՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, կրոնական ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների եւ այլ հուշարձանների, տեսարժան վայրերի դեմ։ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ այստեղ հրամայական է դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, եւ Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը, որի մասին Հայաստանը եւ Ադրբեջանը փետրվարի 4-ին մտքեր են փոխանակել։

 

 

 

ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային մասնակցությունը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը հարցականի տակ է։ 34-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ազդրի մկանային վնասվածքից հետո եւ դեռ չի մարզվել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։ Նրա մասնակցությունը քիչ հավանական է։ Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ ՊՍԺ-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին։

 

 

 

2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 6-րդ մեդալային օրը ԱՄՆ-ի հավաքականը սկսեց երկու հաղթանակով։ Սնոուբորդի կանանց հաֆփայփում երկրորդ օլիմպիական խաղերում անընդմեջ հավասարը չունեցավ ամերիկացի Խլոյա Կիմը, իսկ գեղասահքի տղամարդկանց մենասահքում անգերազանցելի էր Նեյթան Չենը։ Ընդհանուր մեդալային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականը 3 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով բարձրացավ չորրորդ տեղ։ Առաջատարը Գերմանիան է՝ 5 ոսկե, 3 արծաթե մեդալ։ Երկրորդ տեղում նորվեգացիներն են՝ 4-ական ոսկե ու բրոնզե, 2 արծաթե մեդալ։ Եռյակը եզրափակում է Շվեդիան՝ 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ։

 

 

 

ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Շախմատի Բեռլինի Գրան Պրիի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Վինսենթ Քեյմերին եւ խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ դարձավ C խմբի խաղթող։ Այսպիսով, Արոնյանը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, քանի որ խմբային փուլում վաստակել է 4 միավոր եւ վերջին տուրից առաջ անհասանելի է դարձել C խմբում իր մրցակիցների համար. Դուբովն ու Վիդիթն ունեն 2,5-ական միավոր։ Վերջին տուրում Լեւոնը կհանդիպի Դանիլ Դուբովի հետ։




Լրահոս