Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53 հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու կողմից նման արարք կատարելու դրդապատճառները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:
Հրայր Հարությունյան (67 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում ամուսնալուծությունը։ Ի՞նչ է պահանջվում դրա համար։
Անի Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝ 1. ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար, 2. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, 3. ամուսիններից մեկի դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում: Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝ 1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում, 2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում։