ԴԵՍՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԳՈՐԾԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք է լրջորեն վերանայվի այդ պրակտիկան, երբ դեսպանների եւ հյուպատոսների պաշտոնին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք, եւ ես կարծում եմ, որ իսկապես դա կարեւոր է, որովհետեւ այդ կարգի նշանակումները նաեւ խոչընդոտում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացմանը եւ, իհարկե, որոշակի խնդիրներ են առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում»։ 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում այս խոսքերն արտաբերած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է նույնը` իր թիմի ոչ պրոֆեսիոնալ կադրերին նշանակելով դեսպաններ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին, որի հետեւանքով հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում: Բանն այն է, որ 2021 թվականի մարտի 15-ին դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել էր Մերձբալթյան երեք երկրներում դեսպան,  սակայն մենք տեղեկացանք, որ դեռ մեկ տարի էլ չանցած՝ միայն հունիս ամսին իր հավատարմագրերը հանձնած դեսպանին Հայաստանը որոշել է հետ կանչել: Իսկ ինչո՞ւ. որովհետեւ քաղաքական իշխանությունը նախկին պատգամավորին «գործի տեղավորելու» խնդիր ունի։ Դեսպանի պաշտոնում նրան պետք Է փոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: «Ժողովուրդ» օրաթերթն այս ուշագրավ իրավիճակի առնչությամբ մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԳՆ, որտեղից մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը՝ հայտարարելով՝ «ՀՀ դեսպանների նշանակման եւ հետկանչի մասին ԱԳՆ֊ն պատշաճ կերպով ու ժամկետներում հանրությանը տեղյակ է պահում»:

 

 

 

Ստեփանակերտի օդանավակայանի կարգավիճակն այս պահին նույնն է, չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ օրերս «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ինչն էլ փորձագիտական շրջանակներին մտահոգվելու տեղիք էր տվել, թե գուցե ինչ-որ բան է փոխվում օդակայանի կարգավիճակի հետ կապված: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արցախի գլխավոր օդանավակայանն առաջիկայում կարող է վերագործակվել ռուսական կողմի հետ համագործակցությամբ ու անմիջական միջամտությամբ։ Մեզ հետ զրույցում նախարար Բաբայանը նշեց, որ վերոնշյալ ազատման մեջ քաղաքական որեւէ տարր չկա: Ինչ վերաբերում է օդակայանի վերաբացմանը կամ ռուսական կողմի հետ համագործակցելուն, ապա արգործնախարարը նշեց. «Իհարկե բոլորս էլ ուզում ենք, շահագրգռված ենք, որ վերագործարկվի, բայց դրա համար ժամանակ է երեւի պետք: Ինչ վերաբերում է ռուսների հետ համագործակցելուն, ապա տեսնենք էլի, կփորձենք ամեն բան անել, որ այն վերագործարկվի»: Տեղեկության մասով ԱՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածնքերի նախարարությունից, ինչի ենթակայության տակ է գտնվում օդանավակայանը, մեզ փոխանցեցին հետեւյալը. «Օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է, իսկ ռուս խաղաղապահների հետ համագործակցություն միանշանակ կա»։

 

 

 

Դատական համակարգը շունչը  պահած  սպասում   է ՀՀ վճռաբեկ  դատարանի  նախագահ Լիլիթ  Թադեւոսյանի  որոշմանը: Հիշեցնենք, որ  դատական  համակարգի  շուրջ իրականացվող ճնշումների  եւ  դատավորների  նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: «Ժողովուրդ » օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ի  կողմից 102 կողմ ձայնով ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի  քրեական  պալատի  նախագահ Լիլիթ Թադեւոսյանը  մինչեւ մարտի 4-ը ժամանակ  ունի դատավորների  դիմումին  պատասխան  տալու համար: Իհարկե, արտահերթ ընդհանուր ժողով չհրավիրել չի կարող, քանի որ բոլոր պահանջվող չափանիշներն ապահովված են, պարզապես Թադեւոսյանը կարծես թե, որքան հնարավոր է, ժամանակ է ձգում: Դատական  համակարգում  այն  կարծիքին  են, որ  նա այլընտրանք  չունի  եւ  պետք  է  ժողովը  հրավիրի՝ «կուլ  չգնալով» քաղաքական  իշխանությանը, եւ  93 դատավորի հուսախաբ չի անի:

 

 

«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկազմակերպ եւ անկառավարելի վիճակ է: ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակը «Ժողովուրդ»  օրաթերթին են ներկայացրել պարկի ճակատագրով հետաքրքրվող մի շարք քաղաքացիներ: Նրանց խոսքերով՝ ՊՈԱԿ-ի ԺՊ Արման Աբելյանն (նա այս պաշտոնին նշանակվել է 2021-ի մարտին) ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին: Բացի այս, պարկի պահպանությունն ըստ պատշաճի չի իրականացվում, ձկնորսն ինչ ուզում, անում է, արագ արձագանքման համար ստեղծված ինչ-որ խմբեր կան, որոնք ոչինչ չեն անում որսագողությունը կանխելու համար: Կարճ ասած, ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Աբելյանը, ըստ մեզ դիմած քաղաքացիների, անգործության է մատնված: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՊՈԱԿ-ը հասցրել է ֆինանսական պարտքեր կուտակել ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքով: Իսկ ո՞ր արժանիքի համար է Աբելյանը նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ: «Ժողովուրդ»  օրաթերթը պարզեց, որ Արման Աբելյանը շրջակա միավայրի նախկին նախարար, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ուսանողական ընկերն է, որի կարիերայի համար Պետրոսյանն անում է ամեն հնարավորը: Ինչո՞ւ է ձախողում կառավարումը. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արման Աբելյանից, որն ասաց. «Մենք համակուրսեցիներ չենք, ուսանողական ընկերներ ենք: Մենք շատ լավ աշխատում ենք, համեմատած նախորդ տարիների հետ, տպավորիչ արդյունքներ ենք գրանցել արգելքի հետ կապված: Իսկ ՊՈԱԿ-ի պարտքերը կուտակվել են վերջին 30 տարիների ընթացքում, բայց մենք սկսել ենք կամաց-կամաց մարել»: Ահա այսպես «նախկիններն են մեղավոր» ձեւակերպմամբ փորձեց արդարանալ ժամանակավոր տնօրենը, որի գործունեությանն առավել մնարամասն կանդրադառնանք առաջիկայում:

 




Լրահոս