ԷԹՆԻԿ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականությունն ունի 2 հիմնական հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դասախոսների եւ ուսանողների հետ։

Օմբուդսմանը հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությանը, որը, ըստ Արման Թաթոյանի,  ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:

Նա նշել է, որ այդ քաղաքականությունը ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ եւ այլն), ուստի ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից:

Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը:

«Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու: Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր, խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսեւորումներ»,- մանրամասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Նա նշել է, որ վերջերս հրապարակած զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ:

Արման Թաթոյանը հավելել է, որ ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, եւ այն վտանգավոր է նաեւ այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:

«Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են եւ շղարշ են արտաքին աշխարհի համար: Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ»,- հավելել է Հայաստանի Օմբուդսմանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետին պատերազմի ընթացքում եւ հետո մասնագիտական անփոխարինելի աջակցության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին։

 

 

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է ՇԵՆՔԻՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ընթանում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի  բնակիչ, 1986թ. ծնված Մանվել Միրզոյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ համաձայն չլինելով Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանի կողմից բնակավայրի աղբահանության կապակցությամբ իրեն տրված պարզաբանումների հետ՝ 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Բագրատաշեն բնակավայրի վարչական շենքի բակ, խուլիգանական մղումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով իր հետ տարած մեկ տուփ հավկիթները սկսել է նետել վարչական շենքի ուղղությամբ, հավկիթներով հարվածներ հասցրել շենքի պատերին, պատուհաններին, բարձրաձայն անհասցե գոռգոռոցներով խաթարել է հանրային ծառայության բնականոն աշխատանքի ընթացքը, շուրջ 30 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է  հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ։ Մ. Միրզոյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը)։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանք` մինչեւ մեկ ամիս ժամկետով։ Մ. Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը նշանակված է փետրվարի 23-ին։

 

 

 

Ե՛Վ ԱՆՀԱՆԳԻՍՏ Ե՛Վ ՈՒՐԱԽ

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչներից շատերը անհանգստացած են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդային քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում անելու դեպքում  խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները, որտեղ այժմ ավերակ, քանդված շինություններ են, կարող են հանձնվել Ադրբեջանին։ Սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում, որ  սահմանի այդ հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում կարող են  տեղադրվել ադրբեջանական հենակետեր, եւ իրենք Տավուշի մարզկենտրոն Իջեւան կամ Երեւան հասնելու համար ստիպված կլինեն երթեւեկել դրանց կողքով։ Սակայն սահմանագոտու շատ բնակիչներ էլ ուրախացել են, որ  սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով նոր ավտոճանապարհ է կառուցվելու, իրենք  պարապ չեն մնա, որպես բանվոր կաշխատեն  դրա շինարարությունում։ 2006-2007թթ. կառուցվեց Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ՝ Հարսանքարով անցնող ավտոճանապարհը, որը արդյունավետ չի գործում, մեծ բեռնատարները, ֆուռերը չեն կարողանում անցնել դրա բարձրադիր նեղ ոլորաններով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԱԾ

Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում է ընդունել 2022թ. փետրվարի 7-ից մինչեւ  փետրվարի 11-ը ներառյալ դադարեցնել  Նոյեմբերյան համայնքի «Ոսկեվանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքային գործունեությունը, մանկապարտեզի աշխատանքները վերսկսել  փետրվարի 14-ից։ Սահմանամերձ Ոսկեվան բնակավայրից տեղեկացա, որ գյուղի մանկապարտեզի գործունության դադարեցման պատճառ է հանդիսացել այն, որ երկու խումբ ունեցող  մանկապարտեզի դաստիարակչուհիներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, մեկ այլ դաստիարակչուհի հիվանդ է մրսածության հետեւանքով։

 

 

 

ՔԻՉ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ

Մեկ տարի առաջ՝ 2021թ. հունվարի 29-ին, Տավուշի մարզի Կողբ խոշոր համայնքի համայնքապետարանի շենքում կայացավ հանրային քննարկում՝ Կողբ գյուղի ցեոլիտային տուֆերի հանքավայրի «Նոր Կողբ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման 4-րդ փուլը։ Հանրային քննարկման  մասնակիցները դրական էին  վերաբերվել Բուլղարիայում բնակվող հայ գործարար Կարեն Հարությունյանի կողմից Կողբ գյուղի Ղիասի քար տեղանքում գտնվող ցեոլիտային հանքավայրի շահագործման ծրագրին։ Կողբ համայնքի նախկին ղեկավար, ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերը ներառող Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար  Արսեն Աղաբաբյանին հարցրի, թե Կարեն Հարությունյանը ներկայումս շահագործում է արդյոք «Նոր Կողբ» տեղամասի ցեոլիտի հանքավայրը։ Համայնքի ղեկավարը հայտնեց, որ Կ. Հարությունյանը ստացել է հանքավայրը շահագործելու պետական արտոնագիր եւ ամենայն հավականությամբ կշահագործի ցեոլիտի հանքավայրը։ Ներկայումս Կողբ գյուղի Ղիասի քար տեղամասի ցեոլիտի հանքավայրը քիչ ծավալներով շահագործում է «Դավ» ՍՊԸ-ն, որը հանքանյութը վերամշակում է Այրում քաղաքի հյուսիսային ծայրին գտնվող վերամշակման արտադրամասում, հետո՝ արտադրանքն առաքում արտերկիր։

 

 

 

ՀԵՐՈՍԻ ԱՆԿՅՈՒՆԸ

Իջեւան քաղաքի պատմաերկրագիտական թանգարանում բացվել է ՀՀ ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի անկյունը։  Իջեւանի զորամասի  հրամանատար, 42-ամյա Թաթուլ Ղազարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին,  իր զինակից ընկերների հետ մինչեւ արյան վերջին կաթիլը անհավասար մարտ մղելով, նահատակվել է հանուն հայրենիքի: Նա հետմահու պարգեւատրվել է  «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի եւ Հայրենիքի շքանշաններով:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս