Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենեւին էլ պատահական չէ:
Նախ՝ նշենք, որ դեռ հունվարի 20-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ պատգամավոր Գաբրիելյանը եւ Դավիթ Տոնոյանը բարեկամական կապեր ունեն: Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանի քեռու տղան է (ոչ հարազատ): Նկատենք՝ մինչ այդ էլ՝ դեկտեմբերի 27-ին, Վիլեն Գաբրիելյանը համացանցի իր էջում տեղադրել էր իր ու Դավիթ Տոնոյանի լուսանկարն ու գրել. «Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս: Ծնունդդ շնորհավո՜ր, միշտ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես» սկզբունքով: Որովհետեւ արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վիլեն Գաբրիելյանին՝ հասկանալու համար, թե բարեկամական կապն է պատճառը, որ նա անձնական երաշխավորությամբ դիմել էր դատարան, թե իրոք վստահ է, որ Տոնոյանն անմեղ է, եւ նրան անարդար են մեղադրում, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին եւ ո՛չ էլ հաղորդագրություններին: