Մահացել է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Լևոն Չաուշյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում Չաուշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին:

Լևոն Չաուշյանը 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը:

1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1979-1985 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտոների միության վարչության քարտուղար, 1985-1991 թվականներին՝ փոխնախագահ, 1995 թվականից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ:

Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան (հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), սիմֆոնիկ երկու պոեմ, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի, ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտներ, 4 կվարտետ, գործիքային սոնատներ, ռոմանսներ, վոկալ շարքեր, խմբերգեր:

Չաուշյանը 2021 թվականին պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով:

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը նույնպես ցավակցում է Չաուշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին:




Լրահոս