Ռուսաստանն ու Բելառուսը փետրվարի 20-ին կավարտեն համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: РИА Новости գործակալությունը, իր հերթին, հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ Բելառուսում ռուսական զորքերի գտնվելու ժամկետի երկարաձգման հարց օրակարգում չկա։
Եվ չնայած ամերիկյան կողմից հնչող մեկնաբանություններին, թե Ռուսաստանի Դաշնությունը կարող է ներխուժել Ուկրաինա, Մոսկվան հերքում է նման հարձակման պլանավորումը։ Ռուսաստանը վստահեցնում է, որ զորավարժությունների ավարտից հետո իր զորքերը կվերադարձնի մշտական տեղակայման վայրեր:
ՄԱԿ-ում այս մասով նաեւ ելույթներ են եղել եւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հայտարարել է, թե Ռուսաստանի վրա պատասխանատվությունը տեղափոխելու փորձերն ուժ և հիմք չունեն: Իսկ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտնել է, թե Ուկրաինան հավատարիմ է մնում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
Եվ չնայած այս ամենին, տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ուկրաինացի զինվորականների և Դոնբասի ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգությունը սաստկացել է, անգամ նշվում է այն մասին, որ արկերից մեկը դիպել է մանկապարտեզի շենքին։ Այդ պահին այնտեղ երեխաներ չեն եղել, սակայն երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.