Նոր զարգացումներ Ուկրաինայի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո բանակցություններ է վարում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։

Շաբաթ օրը Մակրոնն արդեն հեռախոսով զրուցել էր Զելենսկու հետ, ով, ինչպես լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից, այն ժամանակ վստահեցրել է նրան, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»։

Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը: Սա ավելի է ուժեղացնում ճնշումն Ուկրաինայի վրա, որի վրա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մասին Արևմուտքը զգուշացնում է:

Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «լռության ռեժիմ» հաստատել և «ուժեղացնել» խաղաղության ջանքերը: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահի հետ հրատապ հեռախոսազրույցից հետո, որից առաջ Էմանյուել Մակրոնը զրույց էր ունեցել նաև Ռուսաստանի առաջնորդի հետ` Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մտավախությունների պատճառով:

Զելենսկին նաև ասել է, որ Կիևն աջակցում է այսպես կոչված Եռակողմ շփման խմբի «անհապաղ» հանդիպմանը, որը ձևավորվել է դիվանագիտական լուծում փնտրելու համար՝ Ուկրաինայի արևելքում ուկրաինական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների միջև յոթամյա հակամարտության սկզբից ի վեր:

Ն.Հ.




Լրահոս