Անցած շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 11 արկ, նռնականետի 24 և ձեռքի 2 նռնակ. ԱԻՊԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ:

Շաբաթվա ընթացքում հրշեջ փրկարարները կատարել են 3 ելք, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին ու բարձր մակարդակով:

Հրդեհի նշված դեպքերից մեկն արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Մարտունի քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.), իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած՝ Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասի մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը և լիամարել: Նախնական տվյալների համաձայն՝ այրվել է Մարտունի քաղաքի բնակչին (ծնվ. 1983 թ.) պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին՝ մասնակի:

Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնումները՝ փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել:

Այսպիսով՝ զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ, անցած շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է 43 պայթուցիչ, հրթիռակասետային 14 ռումբ, 11 արկ, նռնականետի 24 և ձեռքի 2 նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 21, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 23 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 11 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 7 կանչի:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:




Լրահոս