«ՉԴԻՄԱԳՐԱՎԵՑԻՐ՝ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ՓՈՐՁԱՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ ոք չի կարող կարճաժամկետ կանխատեսել, թե երբ կարող է լինել հաջորդ ավերիչ երկրաշարժը, բայց շատ կարեւոր է, որ վտանգը գիտակցվի եւ անընդհատ պատրաստություն իրականացվի՝ այդ փորձությունը դիմագրավելու համար. չդիմագրավեցիր՝ փորձությունը կդառնա փորձանք»,- այս մասին ասել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

 

Նա մի քանի կարեւոր շեշտադրումներ է արել հերթական երկրաշարժին հաջորդող հարցերին պատասխանելու համար՝ նախ անդրադառնալով հանրության մոտ առկա «մագնիտուդ» եւ «բալ» եզրույթների շփոթին. «Երկրի մակերեւույթի վրա տեղի ունեցած վնասվածքների, ավերածությունների պատկերով է որոշվում բալայնությունը, իսկ մագնիտուդը խորության վրա է. տվյալ դեպքում՝ տասը կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 5 մագնիտուդ երկրաշարժ: Սպիտակի դեպքում՝ 7 մագնիտուդ էր, բայց կախված, թե ինչ խորության վրա է, երկրի մակերեւույթին ինչ ապարներ են եւ ինչ հուսալիության, սեյսմակայուն շինարարություն է իրականացված, որոշվում է բալայնությունը: Այսինքն՝ ոչ թե բալից հետո է լինում հետեւանքը, այլ հետեւանքն է գնահատվում բալերով: Նույն մագնիտուդը մի տեղում կարող է բերել 7 բալ, մեկ այլ դեպքում՝ շատ ավելի մեծ ավերածություններ, եթե նորմալ շինարարություն չի իրականացվել, ինչպես Աստվածաշնչում է ասվում, տունդ կառուցել ես ավազի վրա»,-ասել է նա: Նիկոլայ Գրիգորյանի համոզմամբ՝ եթե մարդիկ առավել իրազեկված լինեն երկրաշարժերի մասին եւ, օրինակ, իմանան, որ 6 բալը լուրջ ավերածությունների մասին չի վկայում, խուճապի չեն մատնվի: Արդյոք աշխարհում չկա՞ որեւէ սարք, որեւէ մեթոդ, որը կօգնի կանխատեսել մոտալուտ երկրաշարժը. նաեւ համացանցում հաճախ որոնվող այս հարցի պատասխանը դեռեւս բացասական է. թե ինչու, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Աշխարհում դեռեւս որեւէ երկրում՝ Ճապոնիայից մինչեւ Միացյալ Նահանգներ, երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում գոյություն չունի: Թեեւ կանխատեսման բազմաթիվ ձեւեր ու մեթոդներ կան, որոնք հիմնվում են կենդանական աշխարհի նախաարձագանքի վրա՝ ձկների, մկների, կատուների, շների, նաեւ ստորգետնյա ջրերի բարձրացման եւ իջեցման դիտարկման վրա, եւ այլն, բայց կարճաժամկետ հստակ կանխատեսման հնարավորություն չկա:

Երկարաժամկետ ունենք, օրինակ՝ Հայաստանի սեյսմաշրջանցման քարտեզն ունենք, եւ Հայաստանը եզակի երկրներից է, որ ունի 2000 տարվա գրավոր պատմություն, որի մեջ նաեւ երկրաշարժերի մասին հիշատակումներ կան: Այսինքն՝ գիտենք Սպիտակ-Լոռի Փամբակի, Գառնու, Սյունիքի խզվածքների մասին եւ այլն, որտեղ երկրաշարժեր եղել են եւ էլի կլինեն, բայց արդյոք ե՞րբ կլինեն, ի՞նչ ուժգնությամբ, դեռ հնարավոր չէ արձանագրել: Ճապոնիայում, օրինակ, որն ամբողջությամբ տարբեր տեսակի ժամանակակից տեխնոլոգիաներով պարուրված երկիր է, հողի վրա տեղադրված են սենսորներ, որոնցով հնարավոր է միայն վայրկյաններ առաջ տեղեկանալ սպասվող երկրաշարժի մասին. դա լավագույն նվաճումն է: Կարճաժամկետ կանխատեսման համար դեռ երկար ժամանակ է պետք. դա բազմաթիվ պարամետրերից է կախված, ու միայն մեկ հայտնագործությամբ հնարավոր չէ: Չինացիների օրինակը այս առումով տեղին է, երբ հնարավորություն եղել էր ճիշտ կանխատեսելու եւ տարհանում իրականացնելու, որից մի քանի ամիս անց 700 հազար զոհով նոր երկրաշարժ ունեցան, ինչի մասին չէին էլ ենթադրել»:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության նախկին ներկայացուցիչը, ամփոփելով զրույցը, եւս մեկ անգամ նկատել է, որ ամեն տարի հազարավոր երկրաշարժեր են լինում, որոնց մեծ մասը մենք չենք զգում, այդ պրոցեսն անընդհատ է, եւ անընդհատ պետք է լինեն նաեւ երկրաշարժերին դիմագրավելուն ուղղված մեր քայլերը:

Ն. Պ.

 

 

 

ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ

Կորոնավոիրուսի «Օմիկրոն» շտամը մեծահասակների մոտ կարող է արտահայտվել հիվանդության տեւականությամբ կամ ձգձգվածությամբ, երեխաների մոտ՝ համակարգային բորբոքումով։ Այս մասին հաղորդում է ռուսական ՁԸհհ լրատվականը՝ հղում անելով մոլեկուրլայր գենետիկ ԺծԽԿԾ կենտրոնին։ Չնայած շտամի առավել թեթեւ ընթացքին՝ կարեւոր է իմանալ, որ այն թեեւ կարող է թոքաբորբի չհանգեցնել, ու ԹԱՇ (թոքերի արհեստական շնչառության) սարքի անհրաժեշտությունը չլինի, բայց «Օմիկրոնը» կարող է ազդել նյարդային համակարգի վրա, ինչպես նաեւ հանգեցնել հիվանդության տեւականության։ Երեխաների մոտ բարդություններն ավելի համակարգային կարող են լինել՝ ընդհուպ մինչեւ օրգանիզմի համակարգային բորբուքում»,- ասել են կենտրոնի մասնագետները։ Կենտրոնի բժիշկներն ու գիտկանակնները հորդորել են կրկնապատվաստվել։ «Այժմ վիրուսի հինգերերոդ ալիքը նահանջում է, ու ճիշտ ժամանակն է գնալ ու կրկնապատվաստվել»,- նշել են նրանք։

 

 

 

Ի՞ՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ

ՀՀ Ազգային ժողով է մուտք արվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ներկայացրած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Այն մինչ այդ դրված էր հանրային քննարկման։ Այդ փոփոխություններով դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ կստեղծվեն, իսկ դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանները կհամապատասխանցվեն Սահմանադրական դատարանի՝ 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը: Ներկայում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։ Մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է դատավորի կենսաթոշակի իրավունքը, իսկ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է առանձնահատկություն այն դատավորների համար, ովքեր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (01.07.2014թ.) դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում. այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է աշխատավարձից։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։

 

 

 

 

911-Ը ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ

ՀՀ քաղաքացիները դեռ ուշքի չեն եկել նախօրեին տեղի ունեցած երկրաշարժից: Տեղեկացնենք, որ, ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, երեկ՝ ժամը 22:25-ին, Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ եւ Երեւան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: Բայց երեկ սոցիալական ցանցերում երկրաշարժ զգալու մասին բարձրաձայն խոսում էին նաեւ Արմավիրի եւ Կոտայքի մարզի բնակիչները: Սա դեռ ամենը չէ. երկրաշարժ զգալուց հետո Երեւանում բնակիչները արագ դուրս են վազել իրենց բնակարաններից: Երեւանյան բազմաբնակարան շենքերի բակերը երեկ բազմամարդ էին. մեկը՝ հղի, մյուսի գրկում երեխա, մեկ այլ քաղաքացի՝ շան հետ, բոլորը վախեցած վազել էին դուրս ցրտին եւ չգիտեին՝ երբ կարող են վերադառնալ իրենց բնակարաններ: Ուշագրավն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը գոյություն չուներ: Բոլորը զանգահարում էին 911, որպեսզի տեղեկանային՝ տուն գնալ, թե ոչ, բայց հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Նշված հեռախոսահամարին մի քանի անգամ զանգահարել է նաեւ ArmLur.am-ի թղթակիցը, սակայն այդպես էլ արձագանք չենք ստացել: Այսօր պարզաբանում խնդրեցինք նախարար Անդրանիկ Փիլոյանի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանից, վերջինս խնդրեց 10 րոպե, որպեսզի ճշտի, սակայն հետո չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: 2021 թվականի օգոստոսից մինչեւ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ որպես մաքրուհի «Անի Պլազա Հոթել» ՓԲ ընկերությանը պատկանող, Երեւան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի 19-րդ հասցեում գործող հյուրանոցում աշխատելու ընթացքում, աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված, 2021 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, գտնվելով Արմեն Սարոյանի կողմից վարձակալված թիվ 209 հյուրանոցային համարում, մաքրություն կատարելու ժամանակ օգտվելով նշված սենյակում միայնակ լինելու եւ սենյակում առկա չհրկիզվող պահարանի դռան բաց լինելու հանգամանքից, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ բացել է պահեստարան հանդիսացող չհրկիզվող պահարանի դուռը, ապօրինի մուտք գործել ներս եւ այնտեղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 290.856 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար գումար։

 

 




Լրահոս