ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ էներգետիկ անվտանգության հանձնաժողովները Երեւանում նիստ կանցկացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական կառույցի նիստերը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն: «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից փորձեցինք տեղեկանալ՝ ադրբջանական պատվիրականությունը ժամանելու է արդյոք Երեւան: Նա նշեց, որ այս պահին հստակ չէ՝ կգան արդյոք, թե չէ, բայց գալու հավանականությունը մեծ է: «Ժողովուրդ» օրաթերթի մյուս տեղեկության հետ կապված, թե Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները առանձին ճաշ կամ ընթրիք են ունենալու, Կարապետյանը կտրուկ արձագանքեց. «Նման բան չկա»: Նշենք, որ նման ձեւաչափի միջազգային միջոցառումների ժամանակ, բնականաբար, լինում են պաշտոնական բնույթի, բայց առավել մտերմիկ ճաշկերույթներ, հարցն այն է, սակայն, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչերն ինչպես են իրար հետ հաց կիսելու ու բաժակ բաժակի խփելու, իսկ մինչ այդ էլ մի սենյակում կնստեն եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր կքննարկեն: Հետաքրքիր զարգացումներ են առջեւում:
Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ Նկատենք՝ Արայիկ Հարությունյանը միակ անձը չէ ՀՀ-ից եւ Արցախից, ում նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Այդպիսի մարդկանց թիվն անցնում է 300-ից, եւ այս հարցի մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մինչեւ հիմա, Ալիեւի հրահանգով, Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզություն։ Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը։ Նախ մենք չգիտենք՝ ովքեր են այդ 300-ը, եւ մարդիկ ուղղակի անակնկալ կերպով կարող են հայտնվել իրավապահների ծուղակում։ Որեւէ հիմքով չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում։ Ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում, մենք Ադրբեջանից հետախուզում ենք ընդամենը ֆուտբոլային մեկնաբանի»,-դեռ նախորդ տարվա ապրիլին նշել էր պատգամավոր Թովմասյանը։ Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Նա նշեց. «Պատերազմին վերաբերող գործով հրապարակայնություն այնքանով, որքանով թույլատրելի է, հրապարկվել է մեր կողմից համապատասխան հաղորդագրությամբ: Ավելին չեմ կարող ասել: Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ ավում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ մենք Ադրբեջանից ում նկատմամբ ենք հետախուզում հայտարարել:
Շուրջ 27 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով: Մասնավորապես, 2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը լինելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ նա համակարգ է բերել ՀՀ Պն իր մտերիմ կադրերին, ինչը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչու են ՊՆ կադրերին տեղափոխում Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ պաշտոնների նշանակում, իսկ համակարգում երկար տարիներ աշխատած անձանց որեւէ կերպ չեն խրախուսում: Իսկ կոնկրետ ու՞մ է Փիլոյանը Պն-ից բերել Արտակարգ իրավիճակների նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանը Փիլոյանի շնորհիվ է տեղավորվել ԱԻՆ-ում: Կադրերի վարչության պետ Արման Կարապետյանը եւս ՊՆ-ից է տեղափոխվել ԱԻՆ: Իսկ, ահա, 2021թ. մարտի 2-ից ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը եւս Փիլոյանի շնորհիվ է տեղափոխվել ԱԻՆ:
Հայաստանում մեկ տարվա ընթացքում պակասել է մահացածների թիվը. նախորդ տարի մահացել է 34 հազար 658, իսկ 2020-ին՝ 36 հազար 170: Հայաստանում մահացել են ավելի շատ թվով տղամարդիկ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարի մահացել է 17 հազար 601 տղամարդ, 17 հազար 57 կին: Հայաստանում մահացածների թվով առաջատարը Երեւանն է, որտեղ նախորդ տարի մահացել է 12 հազար 483 մարդ: Հաջորդը Լոռու մարզն է, որտեղ մահացածների թիվը կազմել է 3263: Շիրակում մահացել է 3031 մարդ, Արմավիրում՝ 2793: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից: Ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում: