ՆՊԱՏԱԿԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Եվ չնայած ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը եւ մոտ չորս տասնյակ այլ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հեռանալ Ուկրաինայից, սակայն Հայաստանն առայժմ կոչ չի արել իր քաղաքացիներին հեռանալ այդ երկրից: Միայն երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Ուշադիր հետեւում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիեւում դեսպանությունը եւ Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»: Ուկրաինայում ներկայիս իրավիճակը շատ անհանգստացնող է: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն: Նրա խոսքով, այս ամենը նաեւ հոգեբանական թեստ է, թե ով ինչպես է արձագանքում վտանգին, ով կգնա եւ ով կմնա:

 

-Պարո՛ն Ֆեսենկո, ինչ իրավիճակ է այժմ Ուկրաինայում: Իրադարձություններն ինչպես կգնահատեք:

-Մարդկանց շրջանում անհանգստությունը կտրուկ աճել է: Սակայն, ի զարմանս ինձ, Կիեւի բնակիչների ռեակցիան դեռ հանգիստ է այս պայմանների համար: Այս տեսանկյունից հիշում եմ Կիեւը 1986 թվականի մարտին՝ Չեռնոբիլյան վթարից հետո: Մարդկանց մի մասի մոտ անհանգստությունը կտրուկ աճել էր, իսկ մյուսներն արդեն սովորել էին այդ իրավիճակին: Դեռ հունվարին ես կանխատեսել էի, որ Ուկրաինայի հանդեպ գեոքաղաքական լարվածությունն իր պիկին է հասնելու Փետրվարի կեսերին: Հենց դա էլ մենք այս պահին տեսնում ենք՝ իր ուղղակի եւ անուղղակի հետեւանքներով: Իրավիճակն իսկապես շատ լարված է, սակայն մեկ բան է պետք հիշել՝ սա «նյարդերի պայքար է», դեռ միայն այդ, եւ այս պայքարում պետք է պահպանել սառնասրտություն:

-Իսկ ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

Ոչ նվազ ռիսկ կա, որ Կրեմլն իսկապես կարող է գնալ ռազմական ավանտյուրայի Ուկարինայի դեմ թեկուզ եւ միայն նրա համար, որպեսզի Հարավը ստանա  եւ Ուկարինային պարտության մատնի, որպեսզի մեզ ստիպի գնալ խաղաղության իրենց կանոններով: Սակայն հույս ունեմ, որ ուկրաինացի քաղաքական գործիչներն ու պետական այրերը չեն կրկնի նույն սխալը, ինչ արեցին 2014-2015 թվականներին:

-Ըստ Ձեզ՝ որեւէ արդյունք տվեցի՞ն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումները ՌԴ եւ Ուկրաինայի առաջնորդների հետ:

-Տեղեկատվական աղբյուրներն այն մասին են խոսում, որ Մակրոնի մոտ խաղաղության հստակ ծրագիր չի եղել, այլ միայն ցանկություններ: Իսկ դա առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի խուսափենք ռուսական ռազմական ագրեսիայից Ուկրաինայի հանդեպ: Նկատենք, որ Պուտինը կոմպրոմիսներ չի առաջարկում, սակայն ուլտիմատումների լեզվով է խոսում եւ ոչ միայն մեր, այլ նաեւ ամերիկացիների եւ ՆԱՏՕ-ի հանդեպ՝ իհարկե ստանալով համապատասխան արձագանք: Գերմանիան եւ Ֆրանսիան հետաքրքրված են, որպեսզի բանակցությունների միջոցով հասնեն լարվածության դեէսկալացիայի, ինչում հետաքրքրված է նաեւ Ուկրաինան: Սակայն մեզ համար շատ կարեւոր մի այլ նպատակ եւս առկա է՝ Դոնբասում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:  Միեւնույն ժամանակ մենք չենք կարող համաձայնել այս հարցում ռուսական կողմի պահանջների հետ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՈՉ ԹԵ ՔՆՆԻՉ, ԱՅԼ ՊԱՐԻՏԵՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԷՐ ՊԵՏՔ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ոչ թե ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի հենքի վրա ձեւավորված քննիչ հանձնաժողովի, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծելու կողմակիցն է, ինչի մասին ԼՀԿ-ն հայտարարում է պատերազմի ավարտից անմիջապես հետո: Իրավահավասարություն ենթադրող հանձնաժողովում՝ պարիտետայինում, որեւէ քաղաքական ուժ մյուսի նկատմամբ առավելություն չէր ունենա, մեկնաբանում է մեր զրուցակիցը, բացի այդ, այդտեղ նաեւ հասարակական այլ գործիչներ, մտավորականներ կարող էին ներգրավված լինել:

 

Ի՞նչն էր կաշկանդում իշխանություններին ոչ թե քննիչ, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծել, հարցն անհասկանալի է նաեւ Գորգիսյանի համար:

Ըստ նախկին պատգամավորի` 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներում է ներգրավված եղել. եթե արդեն իսկ ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին խորհրդարանական ընդդիմադիմությունն, այնուամենայնիվ, մասնակցի, ապա քննարկումը ոչ թե պատերազմի հանգամանքներին է վերաբերելու, այլ փոխադարձ մեղադրանքերի տարափ է լինելու:

Ընդդիմադիրները չպետք է թողնեն, որ իշխանությունը միայնակ պարզի պատերազմի հանգամանքները: Նա համակարծիք չէ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների տեսակետին, թե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով՝ կլեգիտմացնեն այն: Նախկին խորհրդարանականը ներկաներին ԱԺ կանոնակարգ-օրենքը լավ ուսումնասիրելու խորհուրդ է տալիս: Անդրադառնալով 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին՝ ասում է, որ այդ հանձնաժողովը հերքեց տարածված բոլոր այն թյուր կարծիքները, որ կային բանակի շուրջը՝ պատերազմի ժամանակ փամփուշտ չլինելուց մինչեւ զինվորների սոված մնալը: Իսկ նման տեսակետների տարածումը, Գորգիսյանի համոզմամբ, միտված էր բանակը արժեզրկելուն, վարկաբեկելուն, 18-ամյա երիտասարդներին բանակում ծառայելուց հետ պահելուն եւ այլն: Ի դեպ, ԼՀԿ-ականի պանդմամբ՝ այդօրինակ հայտարարությունները ոչ ներկա իշխանության ներկայացուցիչներն են տարածել, այլ դրանք անհասցե են եղել:

ԼՀԿ-ականի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը շատ ավելի վաղ կարող էր ստեղծվել, ու քանի դեռ պատերազմի մասնակիցների ու պատերազմ տեսածների հիշողությունը թարմ է, պետք է լսել նրանց ու արձանագրել այդ ամենը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով. «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ»:

 

 

 

ԵՎՍ ԵՐԿՈՒ ԴԻՄՈՒՄ` ՍԴ-ԻՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի փոխանցմամբ՝  եւս երկու դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարանին՝ դատարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ.

«1) Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը եւ հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով, վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը:

2) Գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին եւս պետք է լուծում տրվի: Մասնավորապես, դիմումով վիճարկվել է այն, որ առանց տարբերակելու, թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձեւով, թե ավագանու կողմից հենց գործադիր իշխանության միջամտելու եւ վերջինիս կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությունը: Ներկայացված երկու դիմումները եւ նշյալ խնդիրները հերթական իրական փաստեր են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի, եւ հատկանշական է, որ այդ ձեւակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի Freedom House կազմակերպության կողմից»,- հայտնել է նա:




Լրահոս