ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։

 

«Հետաքննությունը շարունակվում է։ Հարությունյանը, որն իրեն ներկայացնում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս արագ պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ վարչությունների եւ հետախուզական գործակալությունների կողմից», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

Ավազովը պնդել է, թե Հարությունյանը սոցցանցերում խոստովանել է, որ ինքն է քաղաքի վրա հարձակման նախաձեռնողը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ էին հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նկատենք՝ Արայիկ Հարությունյանը միակ անձը չէ ՀՀ-ից եւ Արցախից, ում նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Այդպիսի մարդկանց թիվն անցնում  է 300-ից եւ այս հարցի մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մինչեւ հիմա, Ալիեւի հրահանգով, Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզություն։ Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը։ Նախ մենք չգիտենք՝ ովքեր են այդ 300-ը, եւ մարդիկ ուղղակի անակնկալ կերպով կարող են հայտնվել իրավապահների ծուղակում։ Գլխավոր դատախազության կողմից որեւէ քայլ չենք տեսել Ադրբեջանի զինված ուժերի, գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Ի վերջո, դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել հանցագործություն, իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են մի շարք Քրեական օրենսգրքի հոդվածներով, կոնվենցիաներով, անթույլատրելի զենքեր են կիրառվել։ Որեւէ հիմքով չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում։ Ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում, մենք Ադրբեջանից հետախուզում ենք ընդամենը ֆուտբոլային մեկնաբանի»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը նկատեց՝ հատկապես Բաքվում բացված «պուրակ»-ից հետո մեր ձեռքերն ազատ են՝ դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան տեղաշարժի իրենց ազատ իրավունքից օգտվել։ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ դրա փոխարեն մենք խոսում ենք հարեւանություն, առեւտուր անելու մասին. «Փոխարենը քարերով հարվածում են մեր մեքենաներին, եւ ստացվում է՝ մենք միայն պաշտպանվողի դերում ենք։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք մենք այսքան խեղճացած։ Մենք պատերազմում պարտվել ենք, բայց որեւէ այլ դաշտում չենք պարտվել»,-ասաց պատգամավորը։

Նկատենք՝ նման բարձրաձայնումների ֆոնին Հայաստանի գլխավոր դատախազությունը միայն հայտարարում է, որ «միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու եւ դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ»։ Ինչպես նշել էր գերատեսչությունը, հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին։

Սա՝ այս ֆոնին, իսկ ի՞նչ է արվում հակառակ ճամբարում Ադրբեջանի պաշտոնյաներին հետախուզում հայտարարելու համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է նախօրեին հայկական Զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության վերաբերյալ պաշտոնական Բաքվի հաղորդագրությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին եւ 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում։ Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները «առանց որեւէ պատճառի» գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի Զյարքենդ, իսկ գիշերը՝ Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղերի ուղղություններով։

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ

Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ է կատարվելու նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet-ը: Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը եւ այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները, Իսրայելի նախագահի` հաջորդ ամիս կայանալիք այցը Թուրքիա, գնահատվելու են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները։ Նշվում է, որ քննարկվելու է նաեւ Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակցություններում առկա իրավիճակը։

 

 

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ

Երեկ Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին, որ Եղեգնուտի համայնքի ղեկավար նշանակվի ժողովրդի կողմից առաջադրված անձը՝ Գասպար Հակոբյանը: «Մենք ցանկանում ենք, որ այդ երիտասարդ կադրը լինի համայնքի ղեկավարը: Իսկ այն անձը, որը հիմա ղեկավարն է, գրեթե չենք ճանաչում: Ղեկավարի համար կա երեք թեկնածու, որոնցից մեկը մեր առաջադրածն է, երկրորդը՝ Համլետը, որին առաջադրել է նախկին համայնքապետը, երրորդն էլ Ռոմանն է՝ առաջադրված վերեւներից»,- նշել են բողոքի ակցիայի մասնակիցները: Բնակիչների խոսքով՝ համայնքի նոր ղեկավարին հանդիպել են եւ ասել, որ առաջադրում են Գասպարի թեկնածությունը, սակայն դրական որեւէ պատասխան չեն ստացել:

 

351 ԿԳ ՀԵՐՈԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալի Բայազիդի Շաշանինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ԻԻՀ-ում բնակվող Մոհսեն Աբդոլրահման Ղադերի Մոկրիի հետ, օժանդակել է վերջինիս Նիդերլանդների Թագավորություն իրացնելու նպատակով մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ԻԻՀ-ից ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերի՝ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցը ՀՀ-ից Նիդերլանդենրի Թագավորություն ապօրինի տեղափոխելու գործընթացում:

 

 

 

ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին. իսկ ի՞նչ սպասել այդ օրը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեւյալում. այսպես, Հայկ Բաղդասարյանը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին հանրային գործունեությամբ պայմանավորված հայհոյելու եւ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, ծանր վիրավորանք հասցնելու ուղղակի դիտավորությամբ 2021 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 08:06-ին, «Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել» գրառմամբ «Լայֆ Նյուզ» լրատվական գործակալության կայքէջում առկա նյութը տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելու եղանակով տեղադրել է իրեն պատկանող «Հայկ Բաղդասարյան» անվամբ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, ծայրահեղ անպարկեշտ բառի գործածմամբ այն վերնագրել է «Օրն առանց քֆուր չեմ կարողանում սկսել, էդ 7.000.000 դոլարն ուղղեիր սպառազինությանը, այ……» վերնագրով եւ տարածել նկարագրված ծանր վիրավորանք պարունակող նյութը:

 




Լրահոս