ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ Օշական գյուղում) ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ:

Վերջինս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, այսպես կոչված, «կարգուկանոն» պահպանելու նպատակով տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, մասնավոր հարցերին առնչվող վեճերն ու խնդիրները լուծելու համար տվել է հանձնարարականներ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը:

Պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող հիշյալ անձը քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է քրեակատարողական հիմնարկում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից:

Ավելին, տարբեր անձինք ևս, ստանալով և կատարելով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները՝ մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Օշականի բնակիչ հանդիսացող և կալանքի տակ գտնվող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5֊րդ կետերով, երկու քաղաքացիական անձի՝ 223.4-րդ հոդվածի 1 ին մասով, ևս մեկ կալանավորի՝ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.4-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս