ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՅԱՆՔԸ ԴԺՎԱՐԱՑՆԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով: Ինչպես հայտնի է, անցած տարի Դատախազությունը հետ էր վերադարձրել նախաքննական մարմնի որոշումը: Ասել է թե՝ ՀՔԾ- կամ վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին պաշտոնատար անձանց մասով նորմալ քննություն չի իրականացրել, եւ դատախազը որոշել է քրեական գործը կրկին հետ ուղարկել:

 

Ի՞նչ փուլում է 10 ամիս առաջ վերադարձրած քրեական գործը: Սեյրան Օհանյանի փաստաբանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում նաեւ մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ ՀՔԾ-ի՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում, այն իրացվել է իրական արժեքից պակաս գումարով: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինս չէր ընդունում մեղադրանքը: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում եւս պնդել էր՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբան Կարեն Մեժլումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Դրանից անցել է 10 ամիս, եւ մինչ օրս որեւէ գործողություն չի իրականացվել, մեկ անգամ Սեյրան Օհանյանի  խափանման միջոցի հետ կապված միջնորդություն էինք ներկայացրել, զուտ դրա  համար, բայց 10 ամսվա ընթացքում մեր ներկայությամբ քննչական գործողություն չի կատարվել: Այստեղ, գիտե՞ք, իրավիճակը որն է. վաղեմության ժամկետը անցել է: Պարոն Օհանյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել եւ լինելով Աժ պատգամավոր եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ՝ հոկտեմբերին Ռուսաստան պետք է գնար , բայց քննիչը չի թողնում, արգելում է: Այսինքն` կարճման ենթակա գործով քննիչը թույլ չի տալիս: Մեր դիրքորոշմամբ խափանման միջոցն այսպես պահել են եւ չեն թողնում, որ  նա գնա Հայաստանից: Այս ամենը վկայում է մեկ բանի մասին, որ նախաքննական մարմինը այնպես է անում, որ պարոն Օհանյանը համաձայնի այս գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի, ինչին մենք համաձայն չենք եւ ասում ենք` պետք է արդարացնենք,  եւ այսպես փորձում են նրա կյանքը դժվարացնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

7-ԻՑ 12 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը: «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ. ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք եւ օրինականացրել է ստացված եկամուտները»,- նշվում է մեղադրանքի մեջ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ եւ 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԲԱԿՈՒՄ

Արմենակ  Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախ պողոտա 6/1 հասցեի դիմաց կատարել է խուլիգանություն, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել, պահել է ռազմամթերք, հրազեն եւ պայթուցիկ նյութեր: Եվ այսպես, Երեւան քաղաքի Արցախի պողոտա 6բ շենքի 53-րդ բնակարանի բնակիչ Արմենակ Ղեւոնդի Խաչատրյանը 2021 թվականի ապրիլի 17֊ին առավոտյան դուրս է եկել տանից եւ գնացել է Երեւան քաղաքի Արցախի պողոտա 6/1 հասցեին հարակից գտնվող իր արհեստանոց, որտեղ միայնակ ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո լիցքավորել է իր կողմից նույն արհեստանոցում պահված «ՌՋ-18պ» տեսակի որսորդական ողորկափող մեկփողանի հրացանը եւ «ԸԽհ-74ց» տեսակի ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգը, ապա նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, դուրս է եկել արհեստանոցից եւ I նշված լիցքավորված զենքերը պահելով իր երկու ձեռքերում՝ խուլիգանական մղումներով, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հանրային վայրում՝ բնակելի տների մոտ, ինքնաձիգով եւ որսորդական հրացանով կրակոցներ է արձակել դեպի օդ ուղղությամբ՝ այդկերպ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչի հետեւանքով շրջակայքում գտնվող անձանց մոտ առաջացրել է վախի, տագնապի ու անհանգստության մթնոլորտ:

 

 

 

ԽՈՒՍԱՓԵԼ Է  ՎՃԱՐՈՒՄԻՑ

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊԵԿ-ի կողմից պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ եւ հեռախոսի աքսեսուարներ: Պարզվել է, որ ընկերություններն այդ ընթացքում խուսափել են առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.5մլրդ դրամի հարկեր վճարելուց, որոնց մասով հարուցվել են քրեական գործեր: Վերը նշված անձանց փաստացի պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն 2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 700մլն ՀՀ դրամ ինվոյսային արժեք ունեցող հագուստ, սակայն որեւէ իրացում չի ձեւակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին: Միաժամանակ հարկային մարմին ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերում նշելով ակնհայտ կեղծ տվյալներ` չարամտորեն խուսափել է շուրջ 122 մլն ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից:

 

 

 

ԾԵԾԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 36-ամյա եւ 32-ամյա եղբայրները, ավազակություն կատարելու նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 13-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երեւան քաղաքում նստել են տաքսի ավտոմեքենա եւ պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք: Հասնելով նշված վայր՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տղաները հարվածներ են հասցրել վարորդի դեպքի տարբեր հատվածներին եւ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը: Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Նախաքննությունն  ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

ԴԻ՝ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, որը Երեւանի բնակիչ 35-ամյա Արթուր Կ-ն է։ Ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ կամրջից իրեն նետելով։

 




Լրահոս