Ռոմանոս Պետրոսյանը 51 մլն դրամով Արաբկիրում բնակարան է ձեռք բերել. ինչ ունեցվածք ունի նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը դեռ չի ներկայացրել 2021 թվականի դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը:

Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը ուսումնասիրեց Ռոմանոս Պետրոսյանի 2018 թվականի՝ պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նա ներկայացրել է, որ ունի 2 բնակարան եւ մեկ հողամաս: Երեք անշարժ գույք՝ երեքն էլ Կոտայքի մարզում: Բացի այս, նա հայտարարագրել է, որ ունի «BMW X5» մակնիշի ավտոմեքենա: 2018-ին Պետրոսյանը 60 տոկոս բաժնային արժեթուղթ է հայտարարագրել։ Իսկ ահա 2019 թվականի սկզբին Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է, որ ունի երկու բնակարան՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որից մեկը տարեվերջին 17 մլն 800 հազար դրամով վաճառել է: Բացի այս, նա ունի նաեւ հողամաս՝ Ակունք համայնքում: Նույն տարում Ռոմանոս Պետրոսյանը «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, 51 մլն 357 հազար դրամ արժեքով կամ շուրջ 106 հազար դոլարով:

Այս պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները 2019 թվականի վերջին կազմել են ավելի քան 1 մլն 922 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 850 հազար դրամ: 2019 թվականին, երբ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ էր, նրա աշխատավարձը կազմել է տարեկան 11 մլն 522 հազար դրամ, որը ամսական կազմում է 960 հազար դրամ: Նշենք նաեւ, որ Ռոմանոս Պետրոսյանը բանկերից մեկից 35 մլն դրամի չափով, իսկ մեկ այլ բանկից՝ 874 հազար դրամ վարկ, փոխառություն է ստացել:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին օգոստոսին Ռոմանոս Պետրոսյանը 3 մլն դրամով վաճառել է իր՝ 2004 թվականի արտադրության BMW X5 ավտոմեքենան: Նշենք, որ 2020 թվականի վերջին, Պետրոսյանի բանկային հաշվին եղել է 3 մլն 861 հազար դրամ գումար: Իսկ կանխիկ դրամը կազմել է 5 մլն 750 հազար դրամ: 2020 թվականին նա աշխատավարձ ստացել է երկու վայրից՝ Կոտայքի մարզպետարանից եւ Շրջակա միջավայրի նախարարությունից: Այսինքն տարվա մի մասը նա Կոտայքի մարզպետ է եղել եւ ստացել 8 մլն 308 հազար դրամ, իսկ շրջակա միջավայրի նախարարությունից՝ 5 մլն 687 հազար դրամ: ՊԵԿ-ից ստացած եկամուտը կազմել է 3 մլն դրամ:

Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, 2020 թվականին երկու վայրից է աշխատավարձ ստացել՝ Սմարթ նորարար կրթության եւ մշակույթի զարգացման հիմնադրամից՝ 819 հազար դրամի չափով, եւ Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջից՝ 1 մլն 83 հազար դրամ: Պաշտոնյայի տիկինը 2020 թվականին ունեցել է 950 հազար դրամի չափով կանխիկ դրամ:

Ս.Հ.




Լրահոս