Դատական, գործադիր եւ օրենսդիր մարմինները, ըստ Սահմանադրության, անջատ են եւ համարվում են առանձին ճյուղեր, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այդ երեք առանձին ճյուղերն ու մյուս ինստիտուտները, որոնք իրականում պետք է անկախ կառույցներ լինեն, դարձել են նրա գրպանային ինստիտուտները, ինչը հենց հակասում է Սահմանադրությանը: Իսկ ինչի՞ մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է փաստերը. 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ստանալով 71 մանդատ, կազմում է խորհրդարանական մեծամասնություն։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները համապատասխանաբար ստանում են 29 եւ 7 մանդատ (մեկը անկախ)։ Արդյունքում ձայների նման հարաբերակցության պայմաններում ՔՊ-ն ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի: Սակայն Սահմանադրության 88-րդ հոդվածն անգամ ասում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Հաջորդ կառույցը, որ պետք է անկախ լինի իշխանություններից, դատական համակարգն է: Սահմանադրության հոդված 162-ի համաձայն՝ արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է, սակայն ունենք հակառակ պատկերը: 2020թ. հունիսի 22-ին մի քանի ժամվա ընթացքում ԱԺ այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն իրականացրեց սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում դադարեցին ՍԴ 3 անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները: Այնուհետեւ 2021թ. հունվարին ԱԺ մեծամասնության կողմից ԲԴԽ անդամներ ընտրվեցին ներկայիս իշխանություններին հավատարիմ Գագիկ Ջհանգիրյանը եւ Դավիթ Խաչատուրյանը: Հաջորդ կառույցը, որի անաչառ աշխատանքն անհանգստացնում է իշխանություններին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է: Հեղափոխությունից շատ չանցած՝ ՄԻՊ Արման Թաթոյանի եւ իշխանությունների հարաբերությունները լարվեցին: ՄԻՊ-ի ընտրության դեպքում էլ քաղաքական որոշում է կայացրել՝ ընտրելով իր իսկ քաղաքական թիմի անդամ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Մյուս կառույցն էլ ՀՀ նախագահի ինստիտուտն է. Ըստ Սահմանադրության՝ Արմեն Սարգսյանը պետության գլուխն է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Այժմ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, որը որեւէ պարագայում չի համապատասխանում Սահմանադրությամբ պահանջվող չեզոքության պահանջներին եւ չի կարող առանցքային դեր ունենալ իշխանության 3 ճյուղերի միջեւ հավասարակշռումը ապահովելու հարցում:
Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ 2022-ին Ալավերդին էլ կխոշորացվի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները: Ըստ նախնական որոշման՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս տարվա աշնանն են նախանշված։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է ընտրությունը մի ոտ առաջ՝ գարնանը կամ ամռան սկզբին կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ 2022-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առայժմ 3 օր է առանձնացվել՝ մարտի 27-ին, հունիսի 6-ին եւ սեպտեմբերի 25-ին: Տեղեկացանք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնեցին, որ Ալավերդիում ընտրությունները սեպտեմբերի 27-ին են նախատեսված: Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, ապա հիմնական ֆավորիտները նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները կլինեն: «ՀՀԿ-ն, անխոս, կունենա իր թեկնածուն, որովհետեւ Ալավերդիի տարածաշրջանում կուսակցությունն անգամ իշխանափոխությունից է մեծ թվով ձայներ ստացել: Թե ով կգլխավորի ցուցակը, դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց «Ժողովրդի» ՀՀԿ-ական աղբյուրը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրում», որպես համայնքապետի թեկնածու, պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանի անունն է շրջանառվում: «Իհարկե այլ անձանց թեկնածություն նույնպես կդիտարկվի, բայց Մկրտչյանի մասով կարծես թե դեմ կարծիքներ չկան»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար: Սակայն նա միակը չէ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը եւս ցանկություն է հայտնել գնալ նոր ստեղծվելիք դատարան: Այսքանով դատախազների ցանկը չի դադարում. առաջիկայում կներկայացնենք այլ անուններ եւս։
Երեւանի հանրային տրանսպորտի վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել: Նրանցից շատերը նոր ավտոբուսներում ուղեւորներին ասում են մանրադրամը չգցել սարքի մեջ, այլ տալ իրենց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են պատմել նման պատմության մեջ ընկած քաղաքացիները: Նշենք, որ նոր ավտոբուսներ ուղեւորը մուտք է գործում միայն առջեւի դռնից, նա պետք է վճարի ուղեւորության սկզբում մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով: Ի դեպ, մինչեւ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը վճարման սարքն ընդունում է միայն 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ եթե ուղեւորը վարորդին առաջարկում է 200 դրամանոց մետաղադրամ, ապա վերջինս նրան հետ է վերադարձնում 100 դրամ, իսկ մյուս 100 դրամը նա չի գցում սարքի մեջ: Տեղեկացնենք, որ վարորդները նախորդ տարվա դեկտեմբերին բողոքում էին, քանի որ գիտեին, որ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հայտնվելու են խոշորացույցի տակ: Չէ՞ որ այդ սարքավորումները տեղադրելուց հետո վարորդները «սեւ աշխարհից» դուրս են եկել եւ մտել սպիտակ դաշտ, այսինքն՝ թափանցիկ են աշխատում: Պարզվում է, սակայն, այդքան էլ թափանցիկ չեն աշխատում: