ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՆԹԱՐԿԵՑՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական, գործադիր եւ օրենսդիր մարմինները, ըստ Սահմանադրության, անջատ են եւ համարվում են առանձին  ճյուղեր, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այդ երեք առանձին ճյուղերն ու մյուս ինստիտուստները, որոնք իրականում պետք է անկախ կառույցներ լինեն, դարձել են նրա գրպանային ինստիտուտները, ինչը հենց հակասում է Սահմանադրությանը: Իսկ ինչի՞ մասին է  խոսքը.  Ազգային ժողով: 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ստանալով 71 մանդատ, կազմում է խորհրդարանական մեծամասնություն։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները համապատասխանաբար ստանում են 29 եւ 7 մանդատ։ Արդյունքում ձայների նման հարաբերակցության պայմաններում ՔՊ-ն ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի, վերջինիս ձայները բավարար են միայնակ իրականացնելու Սահմանադրությամբ նախատեսված գրեթե բոլոր լիազորությունները, իսկ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կամ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար ընդդիմությունից պահանջվում է ընդամենը 1 ձայն։  Իսկ Սահմանադրության 88-րդ հոդվածն ասում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

Դատական իշխանություն։ 2020թ. հունիսի 22-ին՝ մի քանի ժամվա ընթացքում, ԱԺ այդ ժամանակ «Իմ քայլը» դաշինքով հանդես եկող իշխող խմբակցությունն ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով իրականացրեց սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում դադարեցին ՍԴ 3 անդամների եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները: ՍԴ նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը՝ իշխանահաճո թեկնածուն։ Այնուհետեւ՝ 2021թ. հունվարին, ԱԺ մեծամասնության կողմից ԲԴԽ անդամներ ընտրվեցին ներկայիս իշխանություններին հավատարիմ Գագիկ Ջհանգիրյանը եւ Դավիթ Խաչատուրյանը: Այդ ժամանակ գործող ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ առանց անձեռնմխելիության հաղթահարման հարուցվեց քրեական գործ, եւ վերջինիս լիազորությունները կասեցվեցին։ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գագիկ Ջհանգիրյանը, իսկ ԲԴԽ-ն ներկայումս գործում է 9 անդամի կազմով։ 2022թ. փետրվարի 9-ին դատական օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի՝ եթե ԲԴԽ նիստին մասնակցի մինչեւ 9 անդամ, ապա որոշում կայացնելու համար կպահանջվի ընդամենը 5 ձայն: Այսպես ամբողջությամբ խաթարվեց Սահմանադրությամբ նախատեսված ԲԴԽ պարիտետային կազմի իմաստը, քանի որ նման դեպքում որոշում կարող են կայացնել միայն ԱԺ-ի կողմից ընտրված ԲԴԽ 5 ոչ դատավոր անդամները։ Իսկ դատավոր եւ ոչ դատավոր անդամների պարտադիր մասնակցությամբ որոշումներ կարող են կայացվել, եթե նիստին մասնակցում են ԲԴԽ բոլոր 10 անդամները. որոշում կայացնելու համար կպահանջվի 6 ձայն:

Մարդու իրավունքների պաշտպան։ ԱԺ մեծամասնությունը ՄԻՊ-ի ընտրության դեպքում էլ քաղաքական որոշում է կայացրել՝ ընտրելով իր իսկ քաղաքական թիմի անդամ, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 23-ին լրանում է գործող ՄԻՊ Արման Թաթոյանի լիազորությունները, ով, իր զբաղեցրած պաշտոնի համաձայն, դրսեւորում էր մաքսիմալ անկողմնակալություն եւ անաչառություն, ինչը չի կարելի ասել ապագա ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի մասին, ով արդեն ԱԺ-ում իր իսկ թեկնածության շուրջ ծավալվող հարցուպատասխանների ժամանակ դրսեւորում էր լոյալություն իշխող քաղաքական ուժին, խուսափում էր գնահատականներից եւ քննադատություննից։

Հանրապետության նախագահ։ Արմեն Սարգսյանի կողմից հրաժարական տալուց հետո իշխանությունները որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել են ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Վահագն Խաչատուրյանը որեւէ պարագայում չի համապատասխանում Սահմանադրությամբ պահանջվող չեզոքության պահանջներին եւ չի կարող առանցքային դեր ունենալ իշխանության 3 ճյուղերի միջեւ հավասարակշռումը ապահովելու հարցում, քանի որ հրապարակավ հայտարարել է, որ հանդիսանում է ներկայիս իշխող ուժի քաղաքական թիմի անդամ, բացի այդ, շարունակում է պաշտոնավարել որպես ԲՏԱ նախարար։ Այսինքն՝ նախագահի ընտրություններից հետո ինքնաբերաբար նաեւ այս ինստիտուտն է հայտնվելու իշխող ուժի ենթակայության տակ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ուկրաինայի շուրջ իրադարձությունները շարունակում են մնալ էպիկենտրոնում: «Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել»,-Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդների միջեւ բանակցություններին հետեւած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատերազմ է ուզում, Պուտինը պատասխանել է. «Իհարկե, ոչ։ Հենց դրա համար էլ մենք ներկայացրել ենք առաջարկներ, որոնք նախատեսում են բանակցություններ, որոնց արդյունքը պետք է լինի բոլորի, այդ թվում` մեր երկրի համար անվտանգության հավասար ապահովման շուրջ պայմանավորվածությունը»: Արեւմուտքը, ինչպես եւ Մոսկվան հայտարարում է, որ բանակցությունների միջոցով ուկրաինական այս աննախադեպ ճգնաժամը կարգավորելու հնարավորություն դեռ կա։ Դրան զուգահեռ, սակայն երեկ Վաշինգտոնը հայտարարեց, թե ամերիկյան դեսպանությունը ժամանակավորապես Կիեւից տեղափոխում է երկրի արեւմտյան մաս՝ Լվով` ռուսական հնարավոր ներխուժման մասին լուրերի ֆոնին: Երեկ էլ Կրեմլում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջեւ:  Երկու գործիչների առաջին անձնական հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արեւմուտքն անտեսել է Մոսկվայի հիմնարար անվտանգության պահանջները, այնուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ է առանձին հարցերի շուրջ բանակցել՝ Եվրոպայում նոր ռազմական հակամարտությունից խուսափելու համար։

 

 

ՍԿԱՆԴԱԼ ՉԿԱ

Հայաստանի մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ «Այս հարցին հիպերտրոֆիկ ուշադրություն է դարձվել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի կողմից։ Նախագահի հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել։ Ոչ մի խոսք չի եղել այն մասին, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ստիպում է անդամակցել ինտեգրացիոն միավորմանը։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են խոսում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- ասել է Մակեյը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ դաշնակցային ծրագրերի իրականացումը կօգնի մյուս պետություններին տեսնել ինտեգրման առավելությունները։ «Խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք հասել համագործակցության նման մակարդակի Միութենական պետության շրջանակում, ԵՏՄ շրջանակում։ Միութենական պետության ծրագրերի իրականացումը նոր ազդակ կհաղորդի ինտեգրման խորացմանը, եւ շատ այլ պետություններ օգուտ կքաղեն այս տեսակի ինտեգրացիոն միավորումներին միանալուց»,- ասել է նա:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իսկ ինչո՞ւ է հիմա նման նախագիծ ներկայացվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին 2011-2015 թվականների համար: Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել եւ ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման: Եվ, ահա, նախարարությունից հայտնում են, որ ներկայումս հետպատերազմյան իրադրությունը եւ Քովիդ-19 համավարակի հետեւանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը եւ դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը: Միաժամանակ «Պետական ծախսեր» բաժնի 3-րդ պարբերությամբ  սահմանված է, որ ծախսերի նպատակայնության բարձրացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման. վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս եւ մշակվելիք ռազմավարական բոլոր փաստաթղթերը համակցվելու են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀ ԷԻՆ ՓԱԿԵԼ

Երեկ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը: Պատճառն այն է, որ գյուղը սպասարկող թիվ 44 երթուղու շահագործման ժամկետը լրացել է, ու գյուղացիները զրկվել են այդ երթուղուց։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ վերականգնել Երեւանի հետ կապող իրենց երթուղին: Նշենք, որ 44 երթուղին սպասարկում էր Մարմարաշենից Արգավանդ ճանապարհը՝ անցնելով Նոր Խարբերդ- Նորագավիթ-Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնք գծով։ Բացի այս, գյուղի բնակիչներին զայրացրել է նաեւ այն, որ Արարատի նորանշանակ մարզպետ Սեդրակ Թեւոնյանը չի բարեհաճել հանդիպել բնակիչների հետ: Ի դեպ, նշենք, որ մինչ Սեդրակ Թեւոնյանը (ՔՊ-ական նախկին պատգամավոր) Արարատի մարզպետը նրա հայրն էր՝ Ռազմիկ Թեւոնյանը: ArmLur.am-ը այս խնդրի շուրջ զրուցեց Սեդրակ Թեւոնյանի հետ եւ հետաքրքրվեց՝ կվերականգնվի արդյոք հին երթուղին: Մեր հարցին ի պատախան՝ մարզպետն ասաց. «Կլուծենք, անպայման կլուծենք այդ հարցը: Շուտով կլսեք այդ մասին: Փոխարինող մի բան կմտածենք, մինչեւ մեր միասնական ծառայության երթուղին գործի: Զբաղվում ենք: Կարճ ժամկետներում այդ հարցը կլուծվի: Ես տեղյակ եմ խնդրին»: Մեր հարցին՝ ինչու չեք հանդիպում գյուղի բնակիչների հետ, մարզպետն ասաց. «Ես հանդիպել եմ իրենց հետ.. մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ»:




Լրահոս