Փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը: Shamshyan.com-ը գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը տարիներ առաջ հայտնվել է մի իրավիճակում եւ փախուստի դիմել: Մասնավորապես, 2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երեւան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երեւանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենային: Վթարի ահազանգով ժամանել էին ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու այն ժամանակ ՃՈ հետաքննական բաժանմունքի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ: Վթարի հետեւանքով Ա. Դավթյանին պատճառվել էր մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Տուժած քաղաքացին պարզել էր, որ իր ավտոմեքենային հարվածել եւ վթարի վայրից հեռացել էր Ն. Նալբանդյանը, իսկ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը ոչնչացվել են, քանի որ պատճառաբանել են՝ եթե 3 տարին լրանում է, ցանկացած նյութական վնասի հետեւանքով նախապատրաստված նյութերը ոչնչացվում են:
Այսպիսով, ArmLur.am-ը զրուցել է «Գոլդեն Փելես» հյուրանոցայի գնորդ Նարեկ Նալբանդյանից տուժած քաղաքացի Արման Դավթյանի հետ:
Մեզ հետ զրույցում Արման Դավթյանը պատմեց դեպքի մանրամասները. «2018 թվականի նոյեմբերի 25-ի երեկոյան է եղել դեպքը: Իմ մեքենան կանգնած է եղել Պուշկինի փողոցում: Առավոտյան արթնացա եւ տեսա, որ մեքենայի ֆառը եւ շիթը ջարդված է: Հետո քննիչ ու «Գայի» եմ կանչել: Հետագայում «Գայից» վիդեոն վերցրեցինք ու տեսանք, որ 5 հատ 8-երով «Լեքսուս» մեքենա է եղել իմ մեքենային խփողը: Քննիչը ինձ ասաց, որ Երեւանում 5 հատ մեքենա կա 8-երով, որոնցից 4-ի հետ հանդիպեցինք եւ նրա վստահեցրեցին, որ իրենք չեն եղել, եւ 5-րդ անձը, որի մեքենան 8-երով էր, նարեկ Նալբանդյանն էր, որի հետ այն ժամանակ ամեն ինչ արեցինք հանդիպել, զանգահարեցինք, անգամ քննիչը զանգահարել է, չի պատասխանել»:
Մեզ զրուցակիցը հայտնեց, որ անգամ գնացել է Նարեկ Նալբանդյանի գյուղ. «Անգամ գնացել են Արգել գյուղ, բայց կրկին չեմ կարողացել նրան գտնել: Այս դեպքի մասին ես մոռացել էի, բայց երբ տեսա, թե ով է գնել հյուրանոցը, ապշեցի: Կար վկա, տեսել էին, թե ինչպես է նա հարվածել մեքենային, իջել է մեքենայից, հետո քշել գնացել է: Քննիչը հետագայում ասաց, որ իրեն չենք գտնում, երկու ամիս հետո գործը կարճեցին: Մեքենայի ֆառը 2000 դոլար էր: Գիտեք՝ ինչքան հաղորդագրություն եմ ուղարկել իրեն, թե ինչու եմ ցանկանում հանդիպել, բայց այդպես էլ չարձագանքեց: Ձեզ նշեմ, որ լոգիկան, վերլուծությունը եւ իր չարձագանքելը մեզ եզրակացության բերեց, որ իմ մեքենային հարվածողը հենց Նարեկ Նալբանդյանն էր: Եթե կապի դուրս գար, ներողություն խնդրեր, միգուցե մենք որեւէ բան չպահանջեինք իրենից, հարցը լուծեինք, բայց որ այդպես փախած մնաց: ԱԱԾ-ից, ռազմական ոստիկանությունից զանգահարել են իրեն, չի պատասխանել, բայց քանի որ օրենքով չկար իր նկատմամբ հետախուզում հայտարարել, ոչինչ չարեցին: Կրկնում եմ՝ Երեւանում ընդամենը 5 քաղաքացի 5 հատ 8-երով եւ այդ մոդելի մեքենա ունի, որոնցից 4-ի հետ հանդիպել ենք ու զրուցել, անգամ քննիչը, եւ նրանք չեն եղել իմ մեքենային հարվածողները, իսկ 5-րդը Նարեկ Նալբանդյանն էր, որը այդպես էլ կապի դուրս չեկավ: Ես համոզված եմ, որ դա ինքն է եղել, ես այն ժամանակ հետաքրքրվել եմ իր մասին, ինձ ասացին՝ անհաջող տղա է, ու նորմալ է, որ զանգերին չի պատասխանում»:
Մենք պատրաստ ենք հրապարակել նաեւ Նարեկ Նալբանդյանի մեկնաբանությունն իր հետ կապված պատմության շուրջ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
FACEBOOK-Ի ՄԻՋՈՑՈՎ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՀԱՓՇՏԱԿԵԼ
Արցախում խարդախության դեպք է բացահայտվել, հարուցվել է քրեական գործ եւ այն ընդունվել վարույթ. հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Արցախի ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության ՕՏ բաժանմունքի օպերլիազորը, վերանայելով Արցախի քաղաքացիների զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամսիսների ընթացքում Facebook.com սոցիալական ցանցի միջոցով Ն. Ադամյանը, նախնական համաձայնության գալով նյութերով չպարզված անհայտ անձի (անձանց) հետ, տարբեր կեղծ օգտատերերի անունների տակ, խառը ապրանքատեսակների վաճառք իրականացնելու պատրվակով, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, միասնական դիտավորությամբ 033636315 եւ 091456543 հեռախոսահամարներով բացված «Թել-Սել» էլեկտրոնային դրամապանակներին, IDBank ՓԲ ընկերության 4318290090153673 բանկային քարտի հաշվին եւ Vivarobet բուքմեյքերական ընկերության ID 22402509 խաղային հաշվին պահանջել են փոխանցել գումարներ, որի արդյունքում Դ. Կ.-ն փոխանցել է 24 000 դրամ, Հ. Մ.-ն՝ 6000 դրամ, Ա.Ա.-ն՝ 4000 դրամ, Ն.Հ.-ն՝ 7000 դրամ, Ա. Խ.-ն՝ 9000 դրամ, եւ Ա. Բ.-ն՝ 6500 դրամ, ընդհանուր՝ 56 500 դրամ, որից հետո դրանք հափշտակվել է, ինչի արդյունքում նրանց պատճառվել է գույքային վնաս։ Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերեւույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով, սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այն ընդունվել վարույթ: Կատարվում է հետաքննություն»,- նշված է հաղորդագրությունում։
ԿԱՆԽՎԵԼ Է ՀԱՅԻ ՎՏԱՐՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու սխալմամբ վտարումն Ադրբեջանի Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը ՌԴ տարածքում կատարել էր վարչական իրավախախտում, դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ նրան վարչական պատասխանատվության եւ ՌԴ տարածքից վարչական վտարման ենթարկելու մասին: Վարչական պատասխանատվության եւ վարչական վտարման ենթարկելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման ներածական մասում անձի տվյալները շարադրելիս դատարանը թյուրիմացաբար նշել էր, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, որպիսի պայմաններում առկա էր նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ:
Չնայած վտարման գործընթացի հետ ՀՀ դատախազության լիազորությունների որեւէ առնչության բացակայության հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել գործընթացի կասեցման ուղղությամբ՝ խնդրի լուծմանը ներգրավելով ՌԴ գլխավոր դատախազությանն ու ՀՀ պետական լիազոր մարմիններին: ՌԴ գլխավոր դատախազության աջակցությամբ՝ խնդիրը ներկայացվել է վերոհիշյալ որոշումը կայացրած դատարանի ուշադրությանը, որը սեղմ ժամկետում համապատասխան լրացուցիչ որոշմամբ փոփոխել է իր որոշման մեջ տեղ գտած անճշտությունը, եւ անձը վերադարձվել է Հայաստան:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում Մյասնիկյան գյուղի իրենց տուն գալով, նկատել է հոր ահազանգով այցելած ոստիկանության ծառայողների: Տղամարդը վերջիններիս հասցեին հայհոյանքներ է հնչեցրել եւ չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, իսկ ոստիկաններից մեկի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այնուհետեւ սկսել է քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն դրանք չեն դիպել վերջիններիս: 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: