ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՈՐՈՇ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դպրոցներին են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Համաձայն դրանց՝ ընթացիկ գնահատման համակարգը բաղկացած է երկու հիմնական ձեւերից` միավորային (ամփոփիչ) եւ ուսուցանող գնահատում, իսկ կիսամյակային գրավոր աշխատանքները դուրս են եկել: Ուսումնական առարկայից կախված` միավորային գնահատումն իրականացվում է հետեւյալ հիմնական տեսակներով՝ բանավոր հարցում, գործնական աշխատանք, նախագծային աշխատանք, թեմատիկ աշխատանքներ, ամփոփիչ աշխատանք (բացառիկ դեպքերում)։ Մեկ կիսամյակում բանավոր  հարցման, գործնական, նախագծային եւ թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը:

 

Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձեւավորվում է հետեւյալ կերպ՝

  1. Որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը, եւ այն մոտարկվում է ամբողջ թվով:
  2. Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը:
  3. Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը:
  4. Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։

Ուսուցիչները շփոթված են ոչ միայն ընթացիկ գնահատման համակարգից, այլեւ այն փաստից, որ դրա մասին իրենց ասվում է հիմա եւ ոչ թե հունվարին՝ հենց կիսամյակի սկզբին։ Դպրոցներում չգիտեն, թե ինչպես են վարվելու անցած մեկ ամսում կատարած աշխատանքի հետ, մինչդեռ եթե կարգ է փոխվում, պետք է գոնե այնպես հաշվարկեին, որ դպրոցները 2-րդ կիսամյակ մտնեին արդեն փոփոխություններով։   Մեդոթական ցուցումները թեպետ ուղարկվել են, բայց դրանց զուգահեռ բազմաթիվ հարցեր կան, որոնց մասով դեռ ոչ ոք պարզաբանումներ չի տվել մանկավարժներին։ Ուսուցիչներ կան, որ անգամ չգիտեն, թե որն է նախագծային աշխատանքը, քանի որ լեկցիոն բնույթի տեքստի եւ օրինակի վրա չեն պատկերացնում, թե ինչ ասել է «նախագծային աշխատանք»։

Մինչդեռ կարելի էր եւ պետք էր նախ վերապատրաստումներ անցկացնել, որպեսզի ուսուցիչները պատկերացում կազմեին իրենց անելիքի մասին։

Այս փոփոխությունը, մեծ հաշվով, բարդություն չի ստեղծում ուսուցիչների համար, ավելին՝ զրուցակցիս կարծիքով՝ սրա արդյունքում նույնիսկ ավելի օբյեկտիվ է աշակերտը գնահատվելու, որովհետեւ նրա վերջնական գնահատականը ձեւավորվելու է օրվա պատասխանների հիման վրա։ Միակ բարդությունն այն է, որ մեթոդական ցուցումները ուսուցիչների համար մանրամասնված չեն, իսկ եթե մանրամասնված չեն, ուսուցիչը չգիտի՝ ինչ անել։  Գնահատման նոր մեթոդական ցուցումների մասով շատ ուսուցիչներ հենց նախարարության էջում են իրենց հուզող հարցերը բարձրաձայնել, ինչպես, օրինակ. ««Նախագծային աշխատանք» կետն անորոշ է, արդյոք բոլո՞ր առարկաներից պետք է իրականացնեն, թե՞ մեկ, բոլո՞ր դասարաններում»։ «Կիսամյակային աշխատանքը հանվում է, բայց դրա փոխարեն իր հորեղբոր տղաներն են գալիս։ Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ է նախագծային աշխատանքը, հասկանո՞ւմ եք՝ ինչ է ամփոփիչ աշխատանքը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ ծավալի աշխատանք է սպասվում ուսուցչին ու աշակերտին»։

Նախարարությունը մանրամասնել էր նաեւ, թե ինչպես պետք է արվի ստուգման որեւէ տեսակից բացակայելու դեպքում տվյալ աշխատանքի հետագա հանձնումը, այն է՝ «գործնական եւ թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչեւ տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը: Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ եւ գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչեւ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք՝ բաց թողած թեմաների մասով, եւ նրա կիսամյակային գնահատականը ձեւավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով: Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է 0 միավոր»: Բայց խնդիրն այն է, որ այդ «բ»-ի տեղը, երբ հետո գնահատականն է դրվում, այդ նիշը մեկ է հաշվում ծրագիրը եւ չի հաշվարկում որպես միավոր, արդյունքում՝ գերազանցիկ երեխայի կիսամյակները փակվում են 4, 5, 6։ Այդ ծրագրային խնդիրը դեռ չի լուծվել, իսկ «բ»-երի պատճառով եկել են միավորային խախտումներ, արդյունքում երեխաների գնահատականները բավականին ցածր են փակվել։

Ն. Պ.

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ

The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնն օրեր առաջ հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ինդեքսը: Այդ ինդեքսով աշխարհի պետությունները բաժանվում են չորս խմբի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ եւ ավտորիտար ռեժիմ ունեցողների։

 

Այս զեկույցը կազմելիս փորձագետները հաշվի են առել հինգ գործոններ՝  ընտրական գործընթացներ եւ բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ եւ քաղաքացիական ազատություններ: Իսկ այժմ ArmLur.am-ը կանդրադառնա Հայաստանի հավաքած միավորներին: Ըստ այդմ, ընտրական գործընթացների եւ բազմակարծության հարցում Հայաստանը հնարավոր 10 միավորից հավաքել է 5.5, կառավարության գործունեության արդյունավետությունը մեդիաընկերության վերլուծական կենտրոնը գնահատել է 5.71 միավոր, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13, եւ քաղաքացիական ազատությունները՝ 5: Այսպիսով Հայաստանին տրվել է ընդհանուր գնահատական՝ 5.49, որով երկիրը 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչով զբաղեցրել է 89-րդ տեղը՝ երկու կետով գերազանցելով հարեւան Վրաստանին։ Սակայն Հայաստանը 2020 թվականի համեմատությամբ բարելավել է իր միավորը 0,14 կետով՝ 2021 թվականին իր ընդհանուր միավորը հասցնելով 5,49-ի։

Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի «ավտորիտար վարչակարգերի»  կատեգորիայի երկրների մեծամասնությունը գրանցել է իրենց միավորների անկում: Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը ճանաչվել են ավտորիտար: Ռուսաստանը 3.24 միավորով 124-րդն է, ավելի վատթար վիճակում է Ադրբեջանը, որը 2.68 միավորով 141-րդ տեղում է:  Համաձայն զեկույցի՝ լիակատար ժողովրդավարական իշխանակարգ ունեցող երկրների առաջին տասնյակում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Իռլանդիան, Թայվանը, Ավստրալիան եւ Շվեյցարիան։

Ըստ զեկույցի՝ թեեւ Հայաստանը տարածաշրջանում ունի լավագույն դիրքը, սակայն դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՏՆՕՐԵՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում 2021թ. դեկտեմբերի 28-ից ընթանում է Իջեւանի մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանի դատավարությունը։ Իջեւան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Գառնիկ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1990թ. հունվարի 2-ից զբաղեցնելով Իջեւանի համայնքապետարանի կազմակերպություն հանդիսացող «Իջեւանի քաղաքի մարզադպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն բյուջետային  հիմնարկի տնօրենի պաշտոնը, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքը եւ գույքի նկատմամբ իր լիազորությունները օգտագործելով, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացրել է իրեն վստահված գույքը։ Նա մեղադրվում է այն բանում, որ «Իջեւան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար հրամանագրված Աննա Աղաջանյանի կողմից սահմանված կարգով աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու  պարագայում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Աննա Աղաջանյանի կողմից նշված ժամանակահատվածում  սահմանված կարգով աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որոնք վավերացրել է իր ստորագրությամբ, ապա նշված ժամանակահատվածում Ա. Աղաջանյանի հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս ընդհանուր փոխանցել  է 109 հազար 881 դրամ, փոխանցված գումարը կանխիկացրել եւ տնօրինել է անձամբ։ Գ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին  եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված գույքի, ուրիշի գույքի խոշոր չափերով  հափշտակությունը») եւ 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»)։ Գ. Շահնազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս