«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանի հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում կիսվել է իր մտորումների, կյանքի ճգնաժամային փուլի եւ մարդկային յուրահատուկ տեսակի իր ընկալման մասին:
-Նարինե՛, Ձեզ համար մարդկային ամենայուրահատուկ որակը ո՞րն է:
-Ինձ համար մարդկային յուրահատուկ որակ կարող է համարվել ազնիվ, անկեղծ, նվիրված, խելացի, մտածող մարդը: Ես չեմ կարծում, որ կգտնվի որեւէ մեկը, ով կսիրի հիմար, ձանձրալի մարդուն: Շատ կարեւոր է այսօր խելացի մարդու հետ ճանապարհ անցնելը, շփվելը, թերեւս դրանք այն բացարձակ արժեքներն են, որոնք երբեք չեն արժեզրկվում:
-Ինչպե՞ս եք ճիշտ բաշխում ժամանակն ամուսնու եւ երեխաների միջեւ, որպեսզի երկուսն էլ գոհ մնան: Կա՞ բանաձեւ:
-Դա շատ դժվար է, բայց նաեւ շատ հեշտ: Ինչպես՞… Եթե դու ընտանիքի մասնիկն ես, երբ դու քո զավակների կողքին ես, ապրում ես նրանց հոգսերով, նրանց ուրախություններով ուրախանում, նրանց տխրությամբ տխրում, հաջողություններով հպարտանում, ձեռբերումներով հրճվում, ապա դա նշանակում է, որ դու կարողանում ես ճիշտ լուծում գտնել եւ ժամանակ տրամադրել բոլորին էլ՝ երբեք որեւէ մեկին չթողնելով միայնակ, տխուր, անուշադրության մատնված: Մեզանից ոչինչ չի գնա եթե ավել մի «ջան» ասենք, մի «արեւս» ասենք, մի «սիրտս» ասենք: Ես կարծում եմ այդ խոսքերը շատ են նպաստում, որպեսզի մենք ավելի մեղմ ու հանգիստ, ներողամիտ լինենք, միմյանց պարուրենք ուշադրությամբ ու ջերմությամբ, եւ դրա միակ բանաձեւը սերն է, եւ ամեն ինչի բանաձեւն է սերը: Ամեն ինչի հիմքը սերն է: Այս կյանքում ամեն բան սիրով է պայմանավորված:
-Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…
-Ես դժվարությամբ եմ հասկանում երկերեսանի մարդկանց, ովքեր բութ են: Ատում եմ բութ մարդկանց: Ատում եմ տասը դեմք ունեցող մարդկանց: Այդպիսինները կան եւ ամեն անգամ ես իքնս ինձ համոզում եմ, որ անպայման մի դիմակ պակասելու է, բայց ես դարձյալ սխալ եմ լինում: Անկեղծ ասած, շատ դժվար եմ հասկանում այդ մարդկանց:
-Ձեր կյանքի ճգնաժամային փուլը ինչի՞ հետ եք կապում:
-Լինելով արտիստիկ, խարիզմատիկ, ստեղծագործող մարդ՝ չգիտեմ, թե որն է ինձ համար ճգնժամային փուլը: Իհարկե կյանքում լինում են պահեր, երբ ուզում ես առանձնանալ բոլորից, միայնակ մնալ, ինքդ քեզ հասկանալ, թե ինչ եմ ես ուզում եւ ինչ եմ դիմացինից սպասում: Այս պահին իմ ճգնաժամային փուլը կվերագրեմ իմ ժամանակավոր ստեղծագործական դադարով: Ճգնաժամային է, երբ չեմ խաղում, երբ ես լինում եմ ոչ պահանջված: Եթե Դուք ասեք՝ իսկապես Դուք պահանջված դերասանուհի չեք, այո՛, այս պահին կխոսեմ անկուշտ դերասանի մասին: Դերասանը երբեմն -երբեմն պետք է հանգիստ ունենա, եւ դրա կարիքն իսկապես զգացվում է, դա ճիշտ է: Երբ ես հանձնում եմ մի ներկայացում, մի տարի չեմ խաղում, դա արդեն ինձ համար ճգնաժամ է, ես դիմում եմ մտերիմներիս, հարազատներիս, ամուսնուս օգնությանը, եւ շատ հաճախ ամուսինս ինձ փորձում է բացատրել, որ անընդհատ դու չես կարող խաղալ: Երբ երկիրը գտնվում էր ճգնաժամի մեջ, ես երիտասարդ էի, բայց մենք հաղթահարեցինք, որովհետեւ մենք երիտասարդ էինք, իսկ երիտասարդները ճգնաժամը հեշտ են հաղթահարում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո այդ ճգնաժամն անհաղթահարելի է դարձել: Ճգնաժամային փուլը կապում եմ նաեւ երկրիս հետ, որը կկարողանանք հաղթահարել առողջ, խելացի հայրենասեր մարդկանց շնորհիվ եւ ավելի ամուր ոտքի կանգնել:
-Ի՞նչ եք անում, երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…
-Երբեք նման բան չեմ մտածում: Ոչինչ անհետ չի կորում՝ սկսած ջրից, վերջացրած ծաղկով, տրամադրությամբ, լավ ներկայացումով: Անհետ որեւէ բան չի կարող կորել: Ցանկացած խոսք կարող է բուժել, ցանկացած վերաբերմունք կարող է թեւեր տալ: Անգամ վատ խոսքը կարող է իր լավ ազդեցությունը ունենալ, եղել են շատ դեպքեր, երբ վատ խոսքը, վատ միքտը հակառակ ազդեցությունն է թողել:
-Վախենում եք, որ…
-Վախենում եմ պատերազմից, եւ թող երբեք պատերազմ չլինի:
-Ափսոսում եք, որ…
-Ափսոսում եմ, որ մեր տղաները չունեցան այն, ինչի մասին երազել են, եւ հինգ հազար ընտանիք քանդվեցին: Ափսոսում եմ, որ մեր լավ տղաները, մեր կարող ուժերն այլեւս չկան: Հուսանք, որ դա կլինի վերջինը: Նրանք ընկան, որ մենք ապրենք…(Հառաչանքով կրկնում է նա)
-Ամաչում եք…
-Ես չեմ ամաչում, ես ոչ մի ամոթալի բան չեմ արել: Ես միշտ պարզ ճակատով ապրել եմ, անկեղծ սրտով աշխատել եմ, սիրել, կռիվ տվել: Ամաչելու ոչինչ չունեմ այս կյանքում:
-Կնոջ ինքնատիպ լինելու գաղտնիքը…
-Ցանկացած մարդ ինքնատիպ է: Կանացիությունը, խելացիությունը, ապագան գուշակելու ունակությունը քո ինքնատիպությունն է՛լ ավելի են ընդգծում: Մենք ՝ ամենքս, ինքնատիպ ենք յուրովի:
-Կուռքեր ունե՞ք կամ ունեցե՞լ եք:
-Խորեն Աբրահամյան. երբ լսում եմ նրա հարցազրույցները (քանի որ իսկապես բախտ եմ ունեցել սովորել նրա դասարանում), հոգիս փառավորվում է, եւ փորձում եմ մասնագիտության մեջ ազնիվ լինել:
-Ձեր կյանքից տարիներ կտայիք, միայն թե…
-Միայն թե պատերազմ չլիներ, չզոհվեին մեր երեխաները: Միայն, թե Հայաստանը հզոր, ամուր լիներ ու սիրեր իր ժողովրդին: Հուսամ՝ կլինի ու կտեսնեմ:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
5 ՄԵԴԱԼ
Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե: Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 7 մարզիկ: Հատկանշական է՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում առաջատար եռյակը կազմել են հենց Հայաստանի ներկայացուցիչները: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Մայուռաուին, ապա ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին եւ եզրափակիչում հանդիպել թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին: Դավիթը մինչ այդ հաղթել է ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին: Տիգրան Կիրակոսյանի եւ Դավիթ Հովսեփյանի միջեւ եզրափակիչ գոտեմարտն անցել է բավականին լարված պայքարում եւ ավարտվել Կիրակոսյանի հաղթանակով: Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի: Այս քաշային կարգում բրոնզե մեդալն էլ նվաճել է Կարեն Սարգսյանը: Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Կառլեն Մահինյանը, իսկ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Դավիթ Գրիգորյանը: Հայաստանը ներկայացրել են նաեւ մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը եւ մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը, ովքեր անմասն են մնացել մեդալներից:
ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքում պայքարն ավարտված չի համարում: «Պրեմիեր լիգայում դեռ ոչինչ ավարտված չէ։ «Լիվերպուլը» կարող է շրջանցել մեզ։ Նրանք արդեն հաջորդ խաղում կարող են հաղթել եւ միավորների տարբերությունը կրճատել մինչեւ 6-ի։ Նախորդ մրցաշրջաններում «Լիվերպուլն» է եղել մեր գլխավոր մրցակիցը։ Նրանց շնչառությունը միշտ զգացվում է, եվրագավաթներում էլ հրաշալի են հանդես գալիս»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։ 25 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 63 միավոր, երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» 24 խաղում վաստակել է 54 միավոր։ Եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին» (24 խաղ)՝ 47 միավոր։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ դանիացիների նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Շվեդիա-Կանադա դիմակայության հաղթողի հետ։ ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակիչում հետխաղային բուլիտներով 2։3 հաշվով պարտվեց Սլովակիայի թիմին, որը եզրափակիչի ուղեգրի համար կխաղա Ֆինլանդիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։