Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 9-ին գրել էր, որ իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ եւ դիմել է ընդդիմության օգնությունը, սակայն նրանց մտադրությունը չի հաջողություն չի ունեցել, եւ, ըստ էության, արդեն հասկացել են, որ նախագահն առաջին փուլով չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի: Օրենսդիրը նախատեսել է, որ արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսված է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել մարտի 14-15-ին, իսկ դա էլ ենթադրում է, որ արագ պետք է կազմակերպեն ընտրության երկրորդ փորձը, այսինքն՝ ՀՀ նախագահի ձախողված ընտրության փորձից անմիջապես հետո կլինի 2-րդ փուլը, եւ նախատեսված է նախագահի ընտրությունն ավարտել մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում:
Փետրվարի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրն» է: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնության նպատակը վերոնշյալ հռչակագրում տեղ գտած հակահայկական մի շարք ձեւակերպումներին (այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայոց ցեղասպանության խեղաթյուրում) հակադարձելն է: «Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «տանը կռիվ է գցել»: Խորհրդարանական մեծամասնությունն անցանկալի երկընտրանքի առջեւ է կանգնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ լինել ըննդիմության նախագծին: Մի կողմից հակահայ փաստաթղթի քննարկման ու այն դատապարտման խիստ կարեւոր հարց է դրված, մյուս կողմից՝ ընդդիմադիրների կողմից բերված նախագիծ է, որին կողմ քվեարկելու բարդույթ ունի ՔՊ-ն: Կողմ քվեարկելը կշանակի համաձայնել ու ընդունել ընդդիմության առաջ քաշած օրակարգը, բայց այդ մտքի հետ չպատճառաբանված ամբիցիաներով առաջնորդվող իշխանավորները հաշտվել չեն կարողանում: Նիստը տապալել ու փաթեթը չքննարկել էլ չեն կարող, քանի որ հասարակությունը հերթական առիթը կունենա, թե իշխանությունը դեմ է Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականությունը դատապարտող նախագծին:
Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենեւին էլ պատահական չէ: Նախ՝ նշենք, որ դեռ հունվարի 20-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ պատգամավոր Գաբրիելյանը եւ Դավիթ Տոնոյանը բարեկամական կապեր ունեն: Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանի քեռու տղան է (ոչ հարազատ): Նկատենք՝ մինչ այդ էլ՝ դեկտեմբերի 27-ին, Վիլեն Գաբրիելյանը համացանցի իր էջում տեղադրել էր իր ու Դավիթ Տոնոյանի լուսանկարն ու գրել. «Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս: Ծնունդդ շնորհավո՜ր, միշտ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես» սկզբունքով: Որովհետեւ արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վիլեն Գաբրիելյանին՝ հասկանալու համար, թե բարեկամական կապն է պատճառը, որ նա անձնական երաշխավորությամբ դիմել էր դատարան, թե իրոք վստահ է, որ Տոնոյանն անմեղ է, եւ նրան անարդար են մեղադրում, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին եւ ո՛չ էլ հաղորդագրություններին:
Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում զգալի բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է ոչ բոլոր վարչական շրջաններում: Կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, դրանք նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 8 հազար 300 դրամով. այն գերազանցում է 1410 դոլարը: Եթե նոյեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 672 հազար 300 դրամ, դեկտեմբերին այն դարձել է 680 հազար 600 դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները եւս բարձրացել են 9100 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 6050 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 345 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 351 հազար 300 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու: Օրինակ, Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը 322 հազար 300 դրամից նվազել է՝ դառնալով 318 հազար 50 դրամ, իսկ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի գինը 3500 դրամով է նվազել: