«Բացառվում է, որ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել Հայաստանի վրա հարձակմանը», – կարծում է Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա այս մասին նշեց երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եվ խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են, եւ աշխատեց Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է, եւ մենք ուղղակի այս փաստի հետ պետք է հաշվի նստենք։ Մնալ ՀԱՊԿ-ում թե չմնալ. իհարկե, պետք է մնալ։ Առաջինը՝ չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին», – նշեց Քոչարյանը:
Երբ Զինված ուժերը եւ ՀԱԿՊ-ը երաշխիք չեն, անվտանգության հարցում միակ աշխատող գործոնը, ըստ Քոչարյանի, մնում է Ռուսաստանը եւ այդ երկրի հետ անվտանգության ոլորտում կնքված պայմանագիրը: «Սա գործող հանգամանք է, բայց այս պատերազմը բացահայտեց այստեղ որոշ հարցեր։ Ռուսաստանի միջնորդ լինելը ղարաբաղյան կարգավորման մեջ որոշ չափով, ես կասեի՝ նույնիսկ էականորեն սահմանափակում է քայլեր ձեռնարկելու Ռուսաստանի ազատությունը։ Սա եւս փաստ է։ Եվ երրորդ հանգամանքը, որը բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն է Հարավային Կովկասում»։
Մինչ «Հայաստան» դաշինքն առաջարկում է բարձրացնել բանակի մարտունակությունը, գրեթե զրոյից ստեղծել ռազմական արդյունաբերության ոլորտ, խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, իշխանությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, գնում է բոլորովին այլ ուղով, որն է՝ ընդունել ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն եւ ենթարկվել այդ սպառնալիքին. «Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝ եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա, մեր քաղաքականության վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ, եւ Թուրքիան պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր. երբ որ ռուսական ազդեցությունը, այդ ներկայությունն այստեղ սկսի դադարել եւ սկսի փոխարինվել թուրքական ազդեցությամբ»։
Քոչարյանի կարծիքով՝ տեղին չէր բուռն արձագանքը, որ եղավ Հայաստանից օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյի հայտարարության կապակցությամբ։ Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին, նշել է, որ Հայաստանը «փախչելու տեղ չունի» եւ «որեւէ մեկին պետք չէ»։
«Լուկաշենկոն այն առաջնորդներին է, որ ասում է այն, ինչ մտածում է», – նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ, իհարկե, պետք չէր այդ տոնով խոսել ու հատել կոռեկտության սահմանը։
Սակայն հասկանալի չէր նաեւ Հայաստանի իշխանությունների բուռն արձագանքը. «Այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, հնարավոր չի ուղղակի համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիեւը Հայաստանի նկատմամբ՝ զրո արձագանքով Հայաստանի կողմից։ Ինչի՞ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում… Պետք է նաեւ իմանանք հետեւյալը՝ ինքը ասել է այն, ինչ ուրիշները մտածում են։ Դա փաստ է։ Բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ Ը ՍցՊՈ ՏվՌ ՊպվցՑրÿ ֆորմուլայի մեջ։ Եվ այսօր իշխանությունը անում է ամեն ինչ, որ հենց այդ մտածելակերպը արմատավորվի»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է այն, ինչ մտածում է, եւ այն, ինչ մտածում են ուրիշները։ Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանը փախչելու տեղ չունի: «Ի՞նչ է, կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք արդեն տեսել են, Նիկոլ Վովաեւիչը դա տեսել է»,- ասել էր նա։ Ինչ վերաբերում է միութենական պետության կազմում լինել-չլինելուն, Քոչարյանի դիտարկմամբ՝ աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են, օրինակ՝ ԵՄ-ն։
Բայց, ըստ նրա, Ռուսաստան-Բելառուս գործընթացը հեռու է ԵՄ ինտեգրման պրոցեսի աստիճանից։
«Այսօրվա աշխարհում չպետք է վախենալ ինտեգրման պրոցեսներից, պարզապես պետք է նստել եւ հաշվել՝ ինչ ենք ստանալու, ինչ` զիջելու։ Սառը հաշվարկ պետք է անել։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, եւ չենք համարել, որ դա հասունացած է: Իսկ հիմա նման գործընթացներին պետք է պրագմատիկ վերաբերվել, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ շատ կոնկրետ հաշվարկով՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք մենք, կամ ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք մենք կորցնում կամ ստանում»,- շեշտել է նա՝ նշելով, որ դեռ նման առաջարկ չկա, ստանալու դեպքում պիտի սթափ գնահատել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՎԵԼ Է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել է ««ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է մրգահյութերի եւ պահածոների արտադրության համար (ք. Երեւան): Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 22 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար եւ 464 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչեւ 96,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% եւ ավելին նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4մլրդ դրամ:
ՏԵՍԱԿՑԵԼ ԵՆ
Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանը, Տիգրան Աբրահամյանն ու Հայկ Մամիջանյանը գնացել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, ուր տեսակցել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին եւ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին: Հայկ Մամիջանյանի խոսքով՝ «Քաղբանտարկյալների ինքնազգացողությունը նորմալ էր, կամքը՝ անսասան, իրենք՝ անկոտրում»:
ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐՈՒՄ
Առաջիկա երկուշաբթի օրվանից Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում: Որեւէ էական տարբերություն Pfizer-ի ու մնացած պատվաստանյութերի միջեւ չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։ Pfizer-ի միակ տարբերությունն, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաեւ 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ:
ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Չնայած Հաագայի դատարանի միջանկյալ վճռին՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է վերացնել Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային ու հոգեւոր ժառանգությունը: Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների՝ հայկական մշակութային արժեքների վերացմանն մասին սպառանալիքներին Հայաստանից միայն արտաքին գործերի նախարարությունն է աձագանքել իր 4-տողանոց հայտարարությամբ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նմանօրինակ լկտի հայտարարություններին հակազդելու ամենարդյունավետ միջոցը միջազգային կառույցների, հիմնականում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամենօրյա ու քրտնաջան աշխատանքն է: Եթե չլծվենք այդ աշխատանքին, ապա, ահազանգում է Աբրահամյանը, կորցնելու ենք Արցախի հայկականությունը:
Միջազգային կառույցների հետ ամենօրյա ռեժիմով ու անդադար աշխատանքի մասին նաեւ Աբրահամյանի նախկին գործընկերը՝ իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն է բարձրաձայնում: Սիմոնյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հասկանում է, որ իր սանձարձակությունը թույլատրելի է դարձել թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային տարբեր գործընկերների կողմից: Ու եթե մեր միջազգային գործընկերները կարող են լռել, ապա մենք դրա իրավունքը պարզապես չունենք: Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ՝ Արցախում հայկականության հետքի վերացման Ադրբեջանի հեռահար նպատակը հայկական կողմի ինքնորոշման իրավունքի ու առհասարակ որեւէ հավակնության բացառումն է: Աբրահամյանը շեշտում է նաեւ, որ մշակութային կոթողների պահպանության հարցում մեծ դեր ու առաքելություն պետք է ունենան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերը: Որպես օրինակ՝ Կոսովոն է բերում, որտեղ խաղաղապահները տասնամյակներ շարունակ մարդկանց անվտանգությանը զուգահեռ նաեւ մշակութային ու հոգեւոր հուշարձաններն են հսկում՝ թույլ չտալով դրանց նենգափոխումը կամ վերացումը:
ԸՆԴԴԵՄ ՔՊ-ԱԿԱՆԻ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, դատի է տվել Արթիկի քրեակատարողական հիմնարկին: Վերջինս, հունվարի 22-ին դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է «Համաներում կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու եւ բարենպաստ վարչական ակտ, այն է՝ կիրառել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Հանրապետության 1-ին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը, ընդունելուն պարտավորեցնել: Նշենք, որ Արթիկի ՔԿՀ պետը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է՝ Արման Մելքոնյանը: