ՆԿԱՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության եւ լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։ Պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների եւ այլնի վերաբերյալ՝ ընդհուպ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։ Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի եւ հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները եւ խոչընդոտելով նրանց առջեւ դրված խնդիրների հետագա իրականացումը։

 

Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։

Այդ, ինչպես նաեւ համածառայակիցների շրջանում իրենց ունեցած հեղինակությունն օգտագործելով՝ դավաճանական գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ եւ այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու եւ դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։

Հարկ է հիշատակել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված եւ քննված այլ գործերով եւս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինք պատերազմի ժամանակ հավաքագրվել եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդկերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը եւ աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջեւ դրված բազմապիսի մարտական խնդիրներ եւ մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։

 

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ ՔԿՀ-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մի կոշիկի ներբանից հայտնաբերել են անհայտ ծագման, սպիտակ, օվալաձեւ դեղահաբ, իսկ մյուսից՝ մեկանգամյա օգտագործման ածելիի սայր: Հաջորդ օրը նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը եւ հայտնաբերել ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հեղուկով 2 պլաստմասե շիշ եւ սպունգի կտորներով փաթեթավորված բջջային հեռախոս: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

 

 

800 ՆՄՈՒՇ Է ՎԵՐՑՎԵԼ

Մարդկային աճյունների նույնականացման գործընթացի հետագա պարզեցման համար 793 կենսաբանական նմուշ է վերցվել 1990թ. հակամարտության արդյունքում անհայտ կորած 316 անձանց ընտանիքների անդամներից, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) զեկույցում՝  2021 թվականին Բաքվի եւ բարդինյան գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունների մասին. հաղորդում  են ադրբեջանական ԶԼՄ-ները: Զեկույցի տվյալների համաձայն՝ ԿԽՄԿ-ի մասնակցությամբ որպես չեզոք միջնորդ իրականացվել է 346 գործողություն՝ մարտական գործողություններ իրականացնող տարածքներում մարդկային աճյունների որոնման եւ առգրավման ուղղությամբ։ Նշվում է, որ 347 անհայտ կորածների ընտանիքների անդամներին ցուցաբերվել է հոգեսոցիալական աջակցություն։ Հիշեցնենք, որ նշված թվերը մի փոքր տարբերվում են Ադրբեջանի հայտարարած 4 հազար անհետ կորածներից։

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս քաղաքի Գր. Տաթեւացի փողոցում գործող սրճարանի դիմաց քաղաքի 19-ամյա բնակիչը խոսակցություն է ունեցել համաքաղաքացու հետ, որի ընթացքում հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ միջամտել է մեկ այլ համաքաղաքացի: 19-ամյա երիտասարդը խուլիգանական դրդումներով իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խոսակցությանը միջամտած համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարեւոր օրգաններին` դեմքի, կրծքավանդակի, որովայնի եւ մարմնի այլ մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, համաքաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ

Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ ունեին, որ ուղեւորի մոտ թմրանյութ կար: Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղեւորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ էր նետել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի Մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ կասկածվողի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: 38-ամյա տղամարդը եւ տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկը, որտեղ փաստացի բնակվում էր ձերբակալվածը: Իրավապահները հայտնաբերեցին 1 կգ 100 գրամից ավելի սպիտակավուն եւ 30 գրամից ավելի՝ վարդագույն զանգվածներ, որոնք, ըստ 38-ամյա տղամարդու, Մեթամֆետամին ու Էքստազի թմրամիջոց էին: Հայտնաբերվեց նաեւ 70 գրամ այլ զանգված, որը, նախնական տվյալներով, «PVP» տեսակի թմրամիջոց էր: Իրավապահները հայտնաբերեցին նաեւ թմրամիջոցի վերամշակման եւ իրացման համար նախատեսված տարբեր միջոցներ եւ առարկաներ, այսպես ասած՝ թմրամիջոցի վերամշակման լաբորատորիա:

 




Լրահոս