Մանրամասներ ենք ներկայացնում Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երեկվա հանդիպումից։ Նշվում է, որ երկու երկրները կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ջանքերին։ Նշվում է, թե դրանք հիմք են հանդիսանում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման համար։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն է մանրամասներ հայտնել եւ նշում, թե այդ մասին ասված է Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրում։
Իսկ ահա Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր գործընկերը Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։ Ալիևի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը միջազգային երկու ձևաչափում համագործակցում է Հայաստանի հետ, ինչը վկայում է ադրբեջանական կողմի դրական մտադրությունների մասին։
Իսկ Պուտինը կարևոր է համարել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսելը՝ ասելով, թե Ռուսաստանն իր կողմից շատ բան է արել և կշարունակի անել նշված նպատակներին ու խնդիրների լուծմանը հասնելու համար։
Ն.Հ