ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավոք սրտի, դեռ ունենք դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ կրկնվող հետազոտական արդյունքների պարագայում էլ ծնողները, հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու եւ հուղարկավորելու»,-այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված եւ 1 տարուց ավելի դիահերձարաններում պահվող մարմինների եւ մասունքների ճակատագրի մասին հարցին։ «Մենք պատկերացնում եւ հասկանում ենք, որ սա շատ ցավոտ գործընթաց է, եւ Քննչական կոմիտեն եւ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ կերպով ավարտի բերենք»,- հավելել է նախարարը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ դեռ նախորդ տարի 100-ից ավելի քայքայված մասունքներ ուղարկվել էին արտերկիր, այսօր դրանց պատասխաններն էլ կան. «Այդ մասունքները շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնել, մենք 100-ից մի փոքր ավելի մասունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, եւ այդ փուլը եւս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, որ նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք եւ ներկայում հետազոտության մեջ չունենք որեւէ միջոցառում։ Շեշտեմ, որ կան նաեւ մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել, դրանք առանձին արխիվացված են, թիվ չեմ կարող հնչեցնել»։

 

Անդրադառնալով նախորդ տարի տեղի ունեցած սարսափելի միջադեպին, երբ զոհվածների մարմինները պոլիէթիլենային տոպրակների մեջ իրար վրա դրված էին դիահերձարաններից մեկում՝ հատակին, Ավանեսյանն ասաց, որ այսօր Հայաստանի գրեթե բոլոր դիահերձարաններում վերանորոգումներն ավարտված են, բոլոր մարմիններն ու մասունքները պահվում են հավուր պատշաճի. «2021 թվականի ընթացքում մենք ավարտեցինք բոլոր դատաբժշկական կենտրոնների, դիահերձարանների վերանորոգման աշխատանքները եւ՛ Մեծամորում, եւ՛ Մարտունիում, ե՛ւ Աբովյան քաղաքում, եւ այս պահին, կարելի է ասել, գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափանիշներին, դրանք վերանորոգված են, կահավորված են, ապահովված են սառնարանային ամբողջական կարողություններով։ Վաղուց ի վեր որեւէ բեռնատարում չկան մարմիններ»։

Այն հարցին՝ ի վերջո, ինչ է լինելու այդ մարմինների եւ մասունքների ճակատագրերը, երբ մի դեպքում՝ ԴՆԹ-ն համընկել է հարազատի ԴՆԹ-ի հետ, սակայն վերջինները հրաժարվում են հուղարկավորել այն, մյուս դեպքում՝ ծնողները ԴՆԹ էլ չեն հանձնում՝ հույս ունենալով, որ իրենց զավակները ողջ են՝ գերության մեջ, Անահիտ Ավանեսյանը պատասխանել է. «Քանի որ դրանք նույնականացված դիեր են, ապա կարող են առանձին հստակ կերպով ապահովել ճանաչելիությունը, ունենալ անհատական գերեզմաններ, համապատասխան մարմինների խորհուրդը որոշում կկայացնի՝ հաշվի առնելով հարցի նրբազգաց եւ բարդ լինելը, բոլոր հանգամանքները։ Չեմ կարող ասել որեւէ հստակ ժամանակ»։

Ն. Պ.

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

ՀՀ կառավարությունը հավանության է արժանանցրել Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետեւանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագիրը, ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները։

Այս նպատակով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում տարեկան մինչեւ 3.4 մլրդ դրամի չափով: Նշենք, որ հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է: Ի դեպ, Երեւանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչեւ 8 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան ամսական 97 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 8%: ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչեւ 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 131 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 10%: Իսկ Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչեւ 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 12%։

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ՝ պահանջելով չեղարկել գործող 5 մասնաշենքի կենտրոնում բնակելի շենք կառուցելու որոշումը:   «Շինարարություն դեռ չի սկսվել, աշխատանքները զուտ նախագծային բնույթ են կրում: Անցած տարի ամռանը եւս այստեղ էինք՝ բողոքի ակցիայով: Տարածքում գտնվող ջրավազանը պատկանում էր պատմամշակութային հուշարձաների ցանկին, սակայն ամռանը կառավարության որոշմամբ հանվեց ցանկից, ու դրանից հետո հավանականությունն ավելի մեծ էր, որ շինթույլտվություն կտրվի կառուցապատողին: Ընդհանրապես ցանկացած երկրում գիտական կառույցների շուրջ կա համապատասխան գիտական միջավայր, եւ Սովետական Միության տարիներին, երբ կառուցում էին ինստիտուտը, այդ միջավայրն ապահովված էր: Շենքը, կարող է, ներդրում է ներկայացնում իրենից, ու կարող է կառավարությունը պնդել, որ այդ ներդրմանը պետք չէ խանգարել, բայց գիտական կենտրոնի աշխատանքը խանգարվում է ոչ միայն նրանով, որ գիտական միջավայրն է խախտվում, այլեւ շինարարության ընթացքում, հնարավոր է, վնասվեն այնպիսի սարքեր, որոնք տարածաշրջանում այս պահին միակն են իրականում: Այդ սարքերն անհրաժեշտ են ոչ միայն մեր ինստիտուտներին ու քիմիական կառույցներին, ավելին, շուտով բերվելու է նոր սարք, որն անհրաժեշտ է կենսաբանական, ֆիզիկայի եւ այլ գիտությունների համար»,-ասել է գիտաշխատողներից Մովսես Աղեկյանը:

 

 

 

ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱՂԱՆԻՍՈՒՄ

Փետրվարի 15-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղի վարչական շենքում կայացել է ժողով, որին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Ժողովին մասնակցել են Բաղանիսի մեծ թվով բնակիչներ, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, խոշոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը, Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը եւ այլք։ Ժողովը վարել է ծնունդով Բաղանիս գյուղից, Բաղանիսում սեփական տուն ունեցող, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային  բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը, ժողովն անցել է հուզումնալից մթնելորտում։ Դրան  մասնակցած Բաղանիսի բնակիչները ցանկություն են հայտնել, որ Նարեկ Սահակյանը շարունակի պաշտոնավարել որպես Բաղանիսի վարչական ղեկավար, Նոյեմբերյան խոշոր համայնքի նորընտիր ղեկավար Արսեն Աղաբաբյանը նրան նշանակի այդ պաշտոնում։ Վերջինս չի ընդառաջել բաղանիսցիների  ցանկությանը՝ ասելով, որ ինքը չի վստահում Նարեկ Սահակյանին։ ՀՅԴ անդամ Ն. Սահակյանը մինչեւ 2016 թվականը Բաղանիս համայնքի ղեկավարն էր, 2016-ին Նոյեմբերյան խոշոր համայնքի ձեւավորումից հետո նշանակվեց Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար։ Ա. Աղաբաբյանը նախատեսում է Բաղանիսի վարչական ղեկավար նշանակել 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյանի համայնքի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների 32-հոգանոց ցանկի 14-րդ տեղում ընդգրկված, Բաղանիսի բնակիչ, 1983թ. ծնված Գեւորգ Սահակյանին։ Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր անկուսակցական  Արսեն Աղաբաբյանը։ Բաղանիսի բնակիչները դրական  են բնութագրում Գեւորգ Սահակյանին, ով Արցախում 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից է, նշում են նաեւ, որ նա նախկինում որպես լիցքավորող է աշխատել Բաղանիսում գյուղի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում, Բաղանիսում նրանց ընտանիքն ունի ավտոմեքենաների ընթացիկ մասի նորոգման կետ, ուր  Գեւորգը նորոգման աշխատանքներ է կատարել, նա  ունի միջնակարգ կրթություն։ 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում ձեւավորված համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրված Արսեն Աղաբաբյանը դեռեւս չի նշանակել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ։ Դրա  ուշացման պատճառներից մեկն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում բավական ուշացումով են հաստատել Նոյեմբերյան համայնքի  հաստիքացուցակները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս