ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները պղծելու, դրանց հայկական հետքը ջնջելու մասով Հայաստանը պետք է միջազգային դատարաններ դիմի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ տարբեր կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու մասով Հայաստանը թերանում է: «Առնվազն 5-7 կոնվենցիաներ կան, որոնց շրջանակներում պատերազմից հետո պետք է գործընթաց սկսեինք: Դրանք են վարձկանների, ահաբեկիչների ու նրանց ֆինանսավորման, խոշտանգումների դեմ կոնվենցիաները: Վերոնշյալ բոլոր երեւույթների հետ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո առնչվել ու շարունակում ենք առնչվել, բայց իրավական գործընթաց այդպես էլ չենք սկսել»,- ասում է նա: Թեեւ կառավարությունն ավելի շատ բանակցային գործընթացի կողմակիցն է, ու 1994-ից մինչեւ մինչեւ այսօր ՀՀ բոլոր իշխանությունները մտածել են, թե պետության իրավունքներն իրավապայմանագրային բազայով պաշտպանելու փոխարեն կարող են բանակցությունների միջոցով դա անել (ավելին՝ վախենալով, թե բանակցային գործընթացը կխաթարվի, խուսափել են դատարններ դիմել), բայց իրողությունները ճիշտ հակառակն են ցույց տվել: Այդ գործելաոճը, սակայն, պետությանը որեւէ դրական արդյունք մինչեւ օրս չի տվել, ու Հայաստանի իրավունքները ոչ միայն չենք կարողացել պաշտպանել, այլ դրանք շարունակաբար խախտվում են: Նշենք, որ մեր պետության կողմից միջազգային ատյաններում ընդամենը երկու հայց ունենք՝ մեկը Եվրադատարանում, որ կապված է մարդու իրավունքների հետ, մյուսը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, որը վերաբերում է ռասսայաան խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի խախտումներին, այլ կերպ ասած՝ հայատյացությանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ժամանակ քննարկվելու է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ընդ որում, փաթեթի ընդունման պարագայում  պետական բյուջեի  ծախսերը կավելանան 44.5 մլն դրամով: Այս օրենքով կարգավորվելու է դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը: Որպես հիմնավորում նշվում է, թե կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Այսպիսով, նախագծով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմաններ ապահովել: Այսինքն՝ այս մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք նույն թոշակի չափն են ստանալու՝ անկախ իրենց աշխատած տարիների քանակից:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին, որը, ըստ տեղեկությունների, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ազգականն է՝ հորաքրոջ որդին: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը: Նշենք՝ դեռ հունվարի 20-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին: Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով դատարանը չի բավարարել միջնորդությունը: Եվ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, եւս մերժվեց: Ի դեպ, ըստ լուրերի՝ չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն է, ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ, ահա, ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին համառորեն կալանքի չեն տանում:

 

 

 

Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում: Գազալցակայաններում հրաժարվում են ավտոմեքենան լիցքավորել բնական սեղմված գազով առանց վկայագրի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մի քանի վարորդներ, որոնց գազալցակայանում հրաժարվել են մեքենան լիցքավորել եւ պահանջել են ներկայացնել վկայագիր: Բանն այն է, որ գազալցակայանները պետք է լիցքավորեն միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր, հակառակ դեպքում գազալցակայանը կտուգանվի: Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ: Ի դեպ, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից է վերահսկողություն իրականացվելու, բայց որոշ ժամանակ հետո միասնական համակարգի միջոցով դա կվերահսկվի: Իսկ առանց լիցենզիայի բալոն տեղադրող ու փորձարկող ընկերությունները պետք է ունենան գազաբալոն տեղադրելու համար նախատեսված սարքավորումներ:

 




Լրահոս