ԳՈՒՑԵ ՆԵՐԿԱՆԵՐՆ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանն ասում է, որ նրանք, ովքեր ասում են, թե «գնանք, Բաքուն արյան ծով դարձնենք», տեղյակ չեն բանակի վիճակից կամ բյուջեից: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բաց սահմաններն առաջին հերթին երկրի տնտեսական շահերից են բխում:

 

-Պարո՛ն Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են, թե իշխանության թելն են թելում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո եւ իշխանության ջրաղացին են ջուր լցնում: Ինչո՞ւ:

-Նման բան չկա: Բացարձակ անհեթեթություն է: Մենք միշտ գաղափարով ենք առաջնորդվել, օրինակ՝ բերել են նախագիծ, որին եթե կողմ ենք եղել, ասել ենք՝ ինչու ենք կողմ: Նույնիսկ համատեղ  նախագծեր ենք բերել, երբ մենք խորհրդարանական ընդդիմություն էինք: Եղել են դեպքեր, երբ մենք էինք նախաձեռնությամբ հանդես եկել, եւ իրենք էին միացել: Այսինքն՝ եթե գաղափարը մեզ համար ընդունելի է եղել, մենք չենք քննադատել, եթե ընդունելի չի եղել, ապա խիստ քննադատության ենք ենթարկել: Հիմա այն երկու թեմաները, որոնց մասով չենք քննադատում, այն է, որ պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, քանի որ դա փակվել է Թուրքիայի կողմից, եւ եղել է ագրեսիայի հետեւանք Հայաստանի հանդեպ:  Բացելը կլինի Հայաստանի շահերից, եւ այդ պատճառով ենք մենք կողմ:

-Իսկ ո՞րն է երկրորդ հարցը:

-Երկրորդը խաղաղության դարաշրջանն է, որի մասին մենք շատ չենք բարձրաձայնում: Մեզ շատ էին մեղադրում, թե ինչու հեղափոխությանը չմիացանք, սակայն մենք արկածախնդրություն էինք այնտեղ տեսնում, եւ դա էր պատճառը: Մենք դեմ ենք ցանկացած տեսակի արկածախնդրության: Հիմա մենք այսօր տեսնում ենք քասղաքական ուժեր, որոնք հայտարարություններ են անում՝ գնալու, Բաքուն արյան ծով դարձնելու եւ այլն, սակայն նրանք ծանոթ չեն մեր բանակի վիճակին, հանրությանը, եւ չենք կատարել տնային առաջադրանքները: Պետք է, օրինակ, լինեին դատական բարեփոխումներ, որոնք չեն կատարվել:

-Դուք հավատո՞ւմ եք, որ դրանք կատարվելու են:

-Ես հավատում եմ, որ դա պետք է անել: Ոչ մի իշխանություն հավերժ չէ. եթե նրանք չկարողանան անել, մյուս իշխանությունները կգան եւ այդ ծրագրերը կիրականացնեն: Իսկ դատական բարեփոխումներ անցկացնելը միանշանակ պետք է արվի, առանց դրա չենք կարող առաջ գնալ թեկուզ եւ տնտեսության զարգացման համար: Որեւէ մեկը մի քանի միլիոնի ներդրում կանի միայն այն երկրում, որտեղ դատական համակարգը կայուն է, պաշտպանված: Մենք միջազգային ասպարեզում գրեթե միայնակ ենք մնացել: Մենք չենք տեսնում խորացված արտաքին քաղաքականություն  նաեւ ՌԴ-ի հետ եւ չենք տեսնում ծրագրեր, որ արվում են: Կամ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկեր ենք, բայց ԵՄ-ի հետ էլ պայմանագիր ունենք: Այսօրվա ընդդիմությունն Ազգային ժողովում այդ մասին չի խոսում, չնայած մինչեւ արտահերթ ընտրությունները բարձրաձայն հայտարարություններ էին անում:

-Բայց նրանք անցան խորհրդարան, դուք չանցաք:

-Մենք տվել ենք հարց, մենք որպես քաղաքական ուժ  վերլուծություններ ենք արել ու անում: Մենք երեւի չհասկացված եղանք հանրության կողմից: Մարդիկ չընկալեցին, որ մենք քննադատեցինք Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ, երբ նա Աստված էր շատերի համար: Մարդիկ չընկալեցին եւ մեզ հակադարձումները շատ սուր եղան, եւ մեզ ասոցացրեցին սեւերի հետ: Օրինակ՝ երբ բերեցին «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, ասացինք, որ այդպես օրենքը թերի է, բայց մեզ մեղադրեցին նախկիններին պաշտպանելու մեջ, սակայն անցել է ժամանակ, եւ այդ օրենքն այդպես էլ չի գործել:

-Միգուցե իրե՞նք են նախկիններին պաշտպանում:

-Միգուցե, ես ոչինչ չեմ բացառում: Ակնհայտ է, որ այն բոլոր խոստումներն էլ, որ մինչեւ ընտրությունները տվել էր Նիկոլ Փաշինյանը, չիրականացան, եւ այդպես էլ ոչ մեկ ճաղերի հետեւում չի հայտնվել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիեւը։

 

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ «1988-ի փետրվարից նշյալ անձինք ազգային թշնամանքի, ադրբեջանական ու հայ ժողովուրդների միջեւ ատելության հրահրման նպատակով Ղարաբաղում գումարել եւ անցկացրել են ազգությամբ հայ աշխատակիցների ժողովներ կազմակերպություններում ու հիմնարկներում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու մտադրության մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց. «Պատերազմին վերաբերող գործով հրապարակայնություն այնքանով, որքանով թույլատրելի է, հրապարկվել է մեր կողմից համապատասխան հաղորդագրությամբ: Ավելին չեմ կարող ասել: Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»:

Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է. «Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու եւ դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ, ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի, կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին»:

Հավելենք նաեւ, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն առանձին նամակներով դիմել է միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահի ինստիտուտի նկատմամբ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԶԱՅՐԱՑԵԼ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՎՐԱ

Գյումրիում գլխատված ու մասնատված մարմիններով շներին հայտնաբերած քաղաքացիները դիմել են Ոստիկանություն, ներկայացրել համապատասխան հաղորդումներ: Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ Գյումրիի բնակիչներից մեկը գլխատված շան գլուխն իր շենքի մուտքում է գտել, օրեր անց դռան մոտ հայտնաբերվել է շան զույգ ոտքերը: Բացի այս, գյումրեցիները չեն դադարում ահազանգել այն մասին, որ վերջին շրջանում փողոցներում շատ են նկատում կիսասատկած կամ սատկած շան դիեր: Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Քրեական օրենսգրքում լրացում արվեց եւ քրեական պատասխանատվություն նախատեսվեց կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ օրենքի հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում իր առաջարկած փոփոխությունը բացառապես վերաբերում է կենդանու նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին: Բայց Նաիրա Զոհրաբյանին ավելի շատ զայրացրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խորհուրդը՝ ստորագրահավաք նախաձեռնել եւ չեղարկել օրենքը։

 

 

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ

Առաջիկայում կկայանան ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունները անվտանգության հարցերով։ Մինչ այդ՝ փետրվարի 24-ին, հանդիպելու են երկու երկրների արտգործնախարարները։ Բայդեն-Պուտին կայանալիք հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով երեկ ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել նախ Ռուսաստանի, այնուհետեւ նաեւ Միացյալ Նահանգների նախագահների հետ։ Ընդ որում, Վլադիմիր Պուտինի հետ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցից հետո հաղորդագրություն տարածվեց, Ռուսաստանը դուրս է բերելու իր զորքերը Բելառուսի տարածքից ռուս-բելառուսական զորավարժություններից հետո։ Ուկրաինայի սահմանների մոտ շարունակվում է ռուսական զորքերի կենտրոնացումը, Բելառուսի պաշտպանության նախարարը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին: Ուկրաինայի շուրջ ճգնաժամն էլ ամեն դեպքում խորանում է: Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից տասնյակ հազարավոր մարդիկ արդեն տարհանվել են Ռուսաստանի տարածք:




Լրահոս