ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 136 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից եւ վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձեւակերպմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործերի շարժընթացը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

 

Պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում եւ առավելաբար «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատել եւ վարում նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ: Վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու եւ այլ պատրվակներով այդ անձանցից ստացել են նրանց անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաեւ ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետեւ ունենալով վերջիններիս անվամբ գրանցված եւ նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները՝ փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարները ու կցել իրենց անվամբ գրանցված եւ իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարների, ապա դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձեւակերպել են վարկային պայմանագրեր եւ հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները:

Առանձին դեպքերում հանցագործներն անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության, նրանց անվամբ առցանց տարբերակով ձեւակերպած եւ ստացած վարկերը հափշտակելով՝ ստացված գումարը փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված եւ իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել:

Նշված հանցավոր սխեմայով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրեսգրքի 181-րդ եւ 178-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է 138 քրեական գործ: 33 անձ ներգրաված է եղել որպես մեղադրյալ։ Քննված քրեական գործերից 12-ով վարույթը կասեցվել է՝ հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու կամ քննությունից մեղադրյալի թաքնվելու հիմքերով։ Քննված 16 գործ՝ 22 անձի վերաբերյալ, 2021թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն: Մնացած քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Միայն 2021թ. ընթացքում քննված քրեական գործերով պարզված այս բնույթի հանցագործություններով պատճառված գույքային վնասը կազմել է շուրջ 136 մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է շուրջ 10մլն ՀՀ դրամը:

Ուսումնասիրությունը փաստում է, որ համացանցի կիրառման վերոնշյալ մեխանիզմնով կատարված հափշտակությունների դեպքերն ավելանում են: Աճը պայմանավորված է հիմնականում անձանց իրազեկված չլինելու, էլեկտրոնային դրամական համակարգերի կիրառման, օգտագործման կանոներին բավարար չափով չտիրապետելու, հանցավորներին անհիմն վստահելու, ընդհանուր առմամբ՝ համացանցային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների ստվար մասի տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության ոչ բավարար գիտելիքներ ունենալու հանգամանքներով: Դրան զուգահեռ, վերջին շրջանում կտրուկ ընդլայնվում է բանկային գործառնությունները առցանց եղանակով իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ դրանց պաշտպանության, բանկային վերահսկողական մեխանիզմները համաչափ չեն կատարելագործվել: Արդյունքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի ոչ բավարար պաշտպանվածությունը, բանկային վերահսկողական բավարար մեխանիզմերի բացակայությունը նվազեցնում են այս բնույթի հանցագործությունների նախականխման արդյունավետությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյեկտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները եւ այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներ ընդունելուց:

Ն. Պ.

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Օրերս Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը, պատճառաբանելով Գյանջայի վրա հրթիռային հարձակման ինչ-որ պատմություն, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին։

 

Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը հրթիռային հարձակումների մասին է խոսում այն դեպքում, երբ Ադրբեջանը, խախտելով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները։Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի խաղաղ բնակչությանը պատերազմ պարտադրած պետության իշխանության ներկայացուցիչը հայտարարում է ինքնապաշտպանություն իրականացրած պետության լեգիտիմ նախագահի դեմ քրեական գործեր հարուցելու մասին, որը հետապնդում է Արցախի բնակչության շրջանում վախ առաջացնելու հանցավոր նպատակ։

Արցախի Հանրապետության նախագահը ներկայացվում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ» այն դեպքում, երբ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ԽՍՀՄ օրենսդրությանը։

Առանձին նամակներով դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահի ինստիտուտի նկատմամբ։

Ադրբեջանի հանցավոր գործողությունները շարունակվելու են, քանի դեռ չեն գործադրվել համապատասխան պատասխանատվության մեխանիզմներ»։

 

 

 

ԿՐԱԿԵԼ ԵՆ ՊԲ ԴԻՐՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին եւ 21-ին կրակ են բացել Շոշ եւ Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Արցախի պաշտպանության նախարարությունից: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետեւանքով տուժածներ եւ նյութական վնասներ չկան: Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երիտասարդի կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասում գտնվող իրենց տանը հարեւանի հետ ճաշելուց եւ ալկոհոլ օգտագործելուց հետո, նույն այդ հարեւանին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան վարելով, վերջինիս հետ ուղեւորվել է Մարգահովիտ գյուղ՝ չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք:

Ճանապարհին գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել հարեւանների միջեւ, որի ընթացքում երիտասարդը նախապես վերցրած սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել համաքաղաքացու որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 243.1-ին հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

 




Լրահոս