Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման անկախ մարմին, հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույցը: Այս մասին ArmLur.am-ին տեղեկյացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Զեկույցում արձանագրված են խնդիրներ՝ կապված ֆիզիկական եւ միջավայրային մատչելիության հետ։
Համակարգային առումով լուծում չստացած խնդիրը հանգեցնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության ստանալու, աշխատանքային, առողջության պահպանման եւ այլ իրավունքների ինքնուրույն իրականացման սահմանափակումների: Մարդիկ բախվում են խոչընդոտների՝ կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործընթացի հետ։ Խոսքն այն մասին է, որ չնայած օրենսդրական նոր կարգավորումներին՝ անհրաժեշտ մեխանիզմներ եւ կարգեր դեռեւս ներդրված չեն։ Արդյունքում անձի ֆունկցիոնալության գնահատում փաստացի չի իրականացվում:
Խնդիրներ են առաջանում նաեւ վարչարարության հետ կապված։ Օրինակ՝ արձանագրվել են դեպքեր, երբ մարդիկ բախվում են վարչարարական քաշքշուկների, որոշ դեպքերում պետության պարտավորություններից բխող գործողությունների կատարման ողջ բեռն ընկնում է մարդու վրա՝ առաջացնելով նաեւ ֆինանսական լրացուցիչ ծախսեր։ Հաշմանդամություն ունեցող զգալի թվով անձինք, այդ թվում՝ հենաշարժողական խնդիր ունեցողները, առանձնազրույցների ընթացքում բարձրացրել են բժշկասոցիալական հանձնաժողովներն իրենց բնակության վայրից հեռու լինելու խնդիրը:
Սոցիալական եւ կարիքահեն ծառայությունների սուղ լինելը, իսկ որոշ դեպքերում, առհասարակ, բացակայությունը հաշմանդամություն ունեցող անձին զրկում է իր իրավունքներն իրացնելու հնարավորություններից՝ դրանք դարձնելով ձեւական բնույթի։
Օրինակ՝ մի դեպքում պարզվել է, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ կոնկրետ ծառայությունների արդյունքում դրական դինամիկա է արձանագրվում, ասենք՝ կենսական անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման հարցում, լինում են դեպքեր, երբ թերապեւտիկ կուրսի ժամկետն ավարտվում է, իսկ շարունակական եւ բազմամասնագիտական թիմի նման ծառայությունների համար (յուրաքանչյուր պարապմունքի արժեք տատանվում է 3000-7000 դրամի սահմաններում, իսկ մեկ երեխային, որպես կանոն, անհրաժեշտ է օրական առնվազն 2-3 տեսակի նմանատիպ ծառայություն) սեփական միջոցներով վճարել ոչ բոլորին է հասանելի։ Հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խնդիրների իրենց կրթության իրավունքն իրացնելիս:
Օրինակ՝ մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ ոչ միշտ են հաշվի առնվում տարբեր կարողություններով երեխաների իրական կարիքները, որոշների կարողությունները թերագնահատված են: Որոշ դեպքերում էլ երեխաների հետ շփման, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական եզրակացությունների եւ երեխաների անհատական ուսումնական պլանների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ մի քանի տարի դպրոցում ուսանելուց հետո որոշ երեխաների առաջադիմությունը սաստիկ ցածր է այն դեպքում, երբ վերջիններս ակնհայտորեն ունեն զարգացման իրական հնարավորություններ:
Զեկույցի շրջանակներում հատուկ դիտարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց եւ երեխաների իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ այն խոչընդոտները, որոնք առաջացել են նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում եւ 2020 թվականի պատերազմի հետեւանքով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի Կոնվենցիայի մշտադիտարկման անկախ մարմնի կարգավիճակի տեսանկյունից՝ կապված Կոնվենցիայի պահանջների կատարման հետ:
Կարեւորելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում «ոչ ոք չի անտեսվի» եւ «ոչինչ առանց մեզ» սկզբունքները՝ արտահերթ զեկույցի մշակման աշխատանքներում տարբեր ձեւաչափերով ապահովվել է նաեւ նրանց ակտիվ մասնակցությունը եւ ներգրավվածությունը։ Մասնավորապես, Պաշտպանի կողմից hարցումներ են ուղարկվել նաեւ հասարակական կազմակերպություններին եւ անհատ փորձագետներին, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հաշվի են առնվել Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումների վերլուծությունները, մշտադիտարկման այցերի արդյունքները, անհատական հարցազրույցների եւ խմբային քննարկումների արդյունքները, որոնք իրականացվել են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Արտահերթ զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են հասարակական կազմակերպությունների եւ միջազգային զարգացման գործակալությունների ոլորտային զեկույցները, զանգվածային լրատվության միջոցների նյութերն ու ուսումնասիրությունները:
293 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415757 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2864871, վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 13749 պացիենտ. մեկ օրում նվազել է 1197-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 392080 անձ, վերջին մեկ օրում՝ 1474 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է: Այլ պատճառով մահերի թիվը 1590 է. ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ Է
Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Ունի գլխուղեղի եւ թոքերի սարջարդ, ստացել է ազդրոսկրերի կոտրվածքներ: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշել է նա: Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին՝ ժամը 20:03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW» եւ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Վ. Ն.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ դուրս բերել վարորդի եւ 4 ուղեւորների դիերը:
ԱՅՐԵԼ ԵՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ
Մի քանի օր առաջ Իջեւան քաղաքի կենտրոնում, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու hարեւանությամբ անհայտ անձինք աղբն այրել են փողոցում շարքով տեղադրված պլատմասսե մեծ աղբամաններում, ջարդել, գլորել են աղբամանները, շարքից հանելով ընդհանուր թվով 4 աղբաման։ Իջեւանը վերջին 15 տարում չի ունեցել աղբատար մասնագիտացված ավտոմեքենա, այժմ Տավուշի մարզկենտրոնն ունի մասնագիտացված աղբատար, Կարմիր Խաչի եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցությամբ Իջեւան քաղաքին նվիրվել է ընդհանուր թվով 240 հատ աղբաման, Իջեւանի համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները բարեխիղճ ձեւով են կատարում քաղաքի աղբահանության գործը։ Նախկինում եւս Իջեւան քաղաքում եղել են աղբամանները վնասելու դեպքեր։ Մի քանի տարի առաջ Իջեւանում Եվրոմիության ծրագրի միջոցներով փողոցներում տեղադրվել էին պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ, որոնցից մի քանիսը գողացվել էին անհայտ անձանց կողմից։
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը փետրվարի 16-ին հիմք ընդունելով Վարդան Գրիգորյանի դիմումը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի եւ Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ որոշել է Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի վարչական ղեկավար Վարդան Գրիգորյանին 2022թ. փետրվարի 17-ից ազատել է զբաղեցրած պաշտոնից եւ կատարել վերջնահաշվարկ։ Փետրվարի 17-ին համայնքի ղեկավար Դ. Սարգսյանը որոշում է ընդունել 2022թ. փետրվարի 17-ից Ալեքսանդր Հարությունյանին նշանակել Աղավնավանքի վարչական ղեկավար։ Նույն օրը՝ փետրվարի 17-ին Դավիթ Սարգսյանը հիմք ընդունելով Վարդան Գրիգորյանի դիմումը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2022թվականի փետրվարի 16-ի գրությունը եւ ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով՝ որոշել է Վարդան Գրիգորյանին 2022թ. փետրվարի 17-ից ժամանակավորապես՝ մինչեւ ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Գոհար Դավթյանի պաշտոնավարումը դադարեցնելու ավարտը, նշանակել Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար, նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի եւ Գոհար Դավթյանի նկատմամբ հարուցած քրեական գործով դատավարությունը եւ Դիլիջանի համայնքապետարանի բաժնի պետի պաշտոնում Գ. Դավթյանի լիազորությունների դադարեցումը կարող է լինել այդ պատճառով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ