Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հայցադիմում է ներկայացրել իր չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցում վճարելու պահանջով։ 2019թ. հուլիսի 12-ին Դիլիջան քաղաքում դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը որոշել է հայցն ընդունել դատարանի վարույթ։ Ժ. Մարտիրոսյանը 2008 թվականից էր ղեկավարում սահմանամերձ Ազատամուտ համայնքը։ Նա սկզբում ղեկավարում էր ԲՀԿ Ազատամուտի կազմակերպությունը, ապա՝ ՀՀԿ տեղական կառույցը։ 2018-ի հեղափոխությունից հետո համայնքի ավագանու մի խումբ անդամներ Ժ. Մարտիրոսյանի պաշտոնանկության պահանջով ցույցեր կազմակերպեցին, գյուղի դպրոցում դասադուլներ եղան, ցուցարարներն այդ պահանջով փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը։ 2018թ. պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի որոշմամբ, Ժորա Մարտիրոսյանի՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվեցին։ 2018թ. հուլիսի 25-ին Ժ. Մարտիրոսյանը ինձ հայտնել է. «Վերցնում են, ամեն գյուղապետին պոչից մի բան կպցում, ես հո հանցագործ չեմ, 70 տարեկան մարդուս պատվազուրկ են անում, ողջ կյանքում աշխատել եմ Հայաստանի համար, նույնիսկ տղաներիս եմ բերել Ռուսաստանից, հիմա քոչե՞մ Հայաստանից»: Նա ասաց, որ 1990- ական թվականներին ինքը հրետանավոր է եղել, 3 հոգով ադրբեջանական 22 թիրախ են ոչնչացրել եւ հավելեց. «Պատերազմի ժամանակ հրանոթներ կրակեմ, որ հիմա թուրքի տեղ դնե՞ն» : Նա հայտնեց, որ նախկինում 4 անգամ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների պայքարի վարչության կողմից իր գործունեությունը ստուգվել է, սակայն հանցակազմ չեն գտել: 2021թ. մարտի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանը, նկատի ունենալով, որ հայցվոր Ժ. Մարտիրոսյանը 2020թ. նոյեմբերի 10-ին մահացել է, որոշել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչեւ հայցվորի իրավահաջորդության հարցի լուծումը։ Այդ քաղաքացիական գործով դատական քննությունը մինչեւ հիմա կասեցված է։
ՓԱՅՏՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՆՈՋԸ
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Կամո Աղինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. ապրիլի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում՝ Աչաջուր գյուղում գտնվող իրենց տան բակում առաջացած վիճաբանության ժամանակ, ձեռքում եղած փայտի կտորով երեք անգամ անգամ հարվածել է 1983թ. ծնված իր կնոջ գլխին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ։ Կ. Աղինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը), այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ