«ԱՄԵՆ ՕՐՍ ՍԿՍՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նարինե Ալեքսանյանն այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է Հայաստանում չգտնվելու պատճառի եւ երկրում կատարվող մտահոգիչ իրադարձությունների մասին:

 

-Նարինե՛, ի՞նչ նպատակով եք գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Գտնվում եմ պարզապես՝ ոչ մի նպատակ չհետապնդելով:

-Հնարավո՞ր է մշտական բնակություն հաստատեք այնտեղ, ինչպես Ձեր կոլեգաներից շատերը:

-Ո՛չ, որովհետեւ ես դեռ ասելիք ունեմ իմ հանդիսատեսին Պարոնյան թատրոնի բեմից: Ես դեռ պետք է խաղամ ու բոլոր ծափերը տանեմ իմ տուն ու պետք է խոնարհվեմ հայ հանդիսատեսի առաջ: Իսկ ինչ վերաբերում է իմ կոլեգաներին, նրանք են ընտրել այդ ճանապարհը, ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել:

-Հայրենիքից հեռու հետեւո՞ւմ եք Հայաստանում տիրող իրավիճակին, ի՞նչ տպավորություն ունեք։

-Հայրենիքից հեռու չի նշանակում հեռանալ, մոռանալ եւ անտարբեր լինել հայրենիքի նկատմամբ: Ամեն օրս սկսում եմ Հայաստանով, այն իմ ուղեղում է, իմ սրտում: Չկա որեւէ մեկը այստեղ ապրող, որ չտանջվի, չտառապի Հայաստանով, ապրում են հանուն Հայաստանի: Ամեն օր ընդվզում ես, ամեն օր պայքարում, սիրում ու պաշտում  քո երկիրը: Այլընտրանք չկա՛:

-Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում երկիրը նման դժվարին իրավիճակից հանելու եւ կործանումից փրկելու համար։

-Ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանը չի կործանվում եւ երբեք էլ չի կործանվի, ավելին՝ թույլ չեն տա: Եթե ամեն մարդ զբաղվի իր գործով, օրինակ՝ դիվանագետը լինի լավ դիվանագետ, իրավաբանը՝ լավ իրավաբան, պատգամավորը՝ լավ պատգամավոր, եւ ամեն մեկն իր գործն անի բարեխղճորեն, երկիրը երբեք չի կործանվի: Ելքեր փնտրում են այն մարդիկ, ովքեր քաղաքական ասպարեզում են, եւ Հայաստանն իրենց խոսքն է, իրենց խնդիրը, իսկ ես պետք է անեմ գործը իմ հանդիսատեսի համար: Հայ դիվանագետները փառք ու պատվով պետք է ներկայացնեն պանծալի Հայաստանը եւ անսահման սիրով պարուրեն մեր մի բուռ հողակտորը: Ամեն ինչ լավ է լինելու, եւ Աստված օրհնելու է մեր երկիրը: Եվ կրկին ու կրկին փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մայր հայրենիքը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ՉԱՐԵՆՑ-ԹՈՒՄԱՆՅԱՆ» ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված են երկու գրողների անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներ, որոնք խոսում են նրանց բարեկամության, կյանքի հետաքրքիր դրվագների, ինչպես նաեւ գրքի մշակույթի բացառիկ դերի մասին:

 

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ  Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Թումանյանի անձնական գրադարանի տարածքում, որը մինչ օրս փակ է եղել այցելուների առջեւ:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց՝ բացառիկ են Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով եւ Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը, որոնք երբեւէ չեն ցուցադրվել:

«Երկար ժամանակ է՝ որոշել էինք ներկայացնել, թե երաժշտական ինչ անդրադարձ է եղել Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը, եւ որոշվեց տարվա խորագիր ընտրել «Թումանյանը՝ երաժշտության մեջ», բայց քանի որ հեղինակի ծննդյան օրը նաեւ Գիրք նվիրելու օրն է, գրքին անդրադարձ չանելն անհնար էր, բացի այդ, 2022-ին Եղիշե Չարենցի 125-ամյակն է, ուստի որոշեցինք երեք տոն մեկ օրում մեր թանգարանի կամարների ներքո կազմակերպել»,-ասաց Եղիազարյանը:

Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, հիշեցրեց, որ Եղիշե Չարենցը Հովհաննես Թումանյանին հմուտ, հանճարեղ լոռեցի է համարել, որը Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի: «Այդքան բարձր էր նա գնահատում Թումանյանին: Ըստ Նվարդ Թումանյանի՝ Չարենցն ու Թումանյանը ծանոթացել են 1921 թվականին Թիֆլիսում, բայց այլ տեղեկություններ էլ կան, որ  ծանոթությունը կայացել է Երեւանում»,-նշեց Գոհար Չարենցը:

Ցուցադրությունը դիտելու էին եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը:

«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչեւ մարտի 1-ը:

Մրցանակի է արժանացել

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առեւտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում «Ամերիաբանկ»-ին շնորհվել է հերթական մրցանակը. բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»: Մրցանակները IFC-ի կողմից շնորհվում են իր միջազգային լավագույն գործընկերներին` գործունեության գերազանց արդյունքների եւ արդյունավետ համագործակցության համար: Պահպանելով իր առաջատար դիրքը հայաստանյան առեւտրի ֆինանսավորման շուկայում՝ բանկը առավել կարեւորում է իր գործունեության նկատմամբ տարածաշրջանային մակարդակում նման գնահատականը լավագույն միջազգային գործընկերներից մեկի կողմից: Տեղեկացնենք, որ առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ «Ամերիաբանկ»-ի կողմից ներգրավվել է առեւտրի ֆինանսավորման գծով կարճաժամկետ եւ միջնաժամկետ ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների գյուղատնտեսական, էներգետիկ ու արդյունաբերական բնույթի խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը` ժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմամբ:

 

 

 

ԾՄԱԿՈՒՏԸ ԵՐԵՎԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՉՏԵՂԱՓՈԽՎԵՑ»

Չանվանակոչված Հրանտ Մաթեւոսյան փողոցն էր լինելու երեւանյան Ծմակուտի հասցեն՝ «Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնի» հարակից այգին, որ ըստ նախագծված էսքիզների՝ փոքրիկ Մոտկոր էր դառնալու՝ չորուցամաք երեւանցիներիս կյանքում մի պտղունց Լոռի ավելացնելով։ «Լուրտը», «Ծմակուտը», «Անտառամեջն» ու մաթեւոսյանական այլ տեղանուններ փոքրիկ հատվածով ներկայացված էին լինելու Աբովյանի փողոցի սկզբնամասի հարակից այգում։ Մոտկորի տեղանքին բնորոշ նաեւ ծառեր էին աճեցվելու։ Անգամ Սանահինի՝ Նենե թագուհու հայտնի կամրջի կրկնօրինակը կարող էր վեր խոյանալ այդպես էլ չանվանակոչված Մաթեւոսյան փողոցով ու միանար դեպի Զեյթուն բարձրացող այգուն. այդպես Ծմակուտի պատկերն առավել ամբողջական կլիներ։

Համաշխարհային մեծության գրողին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է մեջբերել, նրա իշխանությունը, սակայն, նույնպես հանձն չառավ անկենդան այս շենքին շունչ ու հոգի տալ, ավարտուն տեսքի բերել «Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնն» ու այն իրական արվեստանոց դարձնել թե՛ ստեղծագործողների, թե՛ դաստիարակվող սերնդի համար։

Միս ու արյուն չստացած մշակութային կենտրոնի մասին պետական մակարդակով վերջին անգամ երկու տարի առաջ խորհրդարանում է հիշատակվել Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Այն ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում էր, թե կառավարությունը գումար կհատկացնի, որպեսզի վերջապես սկիզբ դրվի շենքի երրորդ հարկի կառուցման աշխատանքներին։ Իշխանավորների խոստումները, սակայն, օդում կախված մնացին։

Նմանատիպ հարց ու պատասխան, վստահաբար, էլի կլսենք, իշխանավորները զիլ երեւալու համար Մաթեւոսյանի տողերը պատեհ-անպատեհ առիթներով շատ կմեջբերեն, բայց դրանից համաշխարհային մեծության գրողի անկյունը շահագործման չի հանձնվի: Թե ով է մեղավոր այս ամենում, որ պաշտոնյան որտեղ է թերացել ու թերանում, պետական որ կառույցներն ինչու են խնդիրը մեկը մյուսի վրա գցում, մեզ ամենեւին չի հետաքրքրում: Խայտառակություն է՝ Մաթեւոսյանի 85-ամյակին (իհարկե մինչեւ օրս) անգամ նրա թանգարանը չէր գործում, նրա շունչը քաղաքը չի զգում: Մեղավոր են թե՛ նախկինները, թե՛ ներկաները, թե՛ բոլորս, որ պատկան մարմիններին չենք բռնում ու թափ տալիս, որ «մարդ ու անասուն իրարից հիշողությամբ են ջոկվում», հիշողությունը մի՛ կորցրեք :

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 




Լրահոս