Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու համար: Նա ընդգծել է, որ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ:

« Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Այս ըմբռնմամբ մենք անկեղծ ջանքեր գործադրեցինք մեր երկրի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար։ Սա օգտակար է համարում նաև Ադրբեջանի նախագահը: Մենք գոհ ենք մեզ հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի կամքից»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաեւ հավելել է. «Մենք նաև գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի ակնկալիքներ, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,-հավելել է նա:

Հավելենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։




Լրահոս