Հայ և թուրք բանագնացների հանդիպումը՝ վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:

Քըլըչը գոհունակություն է հայտնել ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, թե երկու երկրների տեսակետի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:

Պատրիարք Մաշալյանը ընդգծել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը կհանդիպեն փետրվարի 24-ին՝ Վիեննայում։

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։

Ն.Հ.




Լրահոս