ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի համար. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային:

Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներկայացուցիչների այցը մեր երկիր և կարևորել միջխորհրդարանական համագործակցությունը: «Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել տիկին Կալյուրանդին՝ 2020թ. պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի համար նպաստավոր հայտարարություններով հանդես գալու, ներառյալ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին անդրադառնալու համար:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի կարևոր գործընկեր է, և ԵՄ-ն սատարում է մեր երկրին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման և ժողովրդավարության զարգացման գործընթացում: Նա արդյունավետ է գնահատել հայաստանցի գործընկերոջ` ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմի համանախագահ Արման Եղոյանի հետ գործակցությունը և նշել, որ կշարունակի ՀՀ-ԵՄ կապերի զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ:

Տիկին Կալյուրանդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և ինքը կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը։ Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Արծարծվել են նաև ՀՀ ժողովրդավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներին, կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությանը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությանը և այլն:




Լրահոս