ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՌ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչները տոնում են Ռուսաստանի կողմից իրենց ինքնավար պետությունների անկախության ճանաչումը, Հայաստանում քննարկում են՝ այս հարցում որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը փետրվարի 21-ին է ճանաչել՝ միաժամանակ Դոնբասի երկու պետությունների ղեկավարների հետ կնքելով բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության համաձայնագրեր: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Ժողովուրդ» օրաթերթին հարցին, թե կաճանաչի արդյոք Հայաստանը Դոնբասի երկրների անկախությունը, արձագանքեց. «Հայաստանն արտաքին քաղաքականության առումով կաշկանդված չէ ու ցանկացած երկրի հետ հարաբերությունները կառուցում է երկուստեք հետաքրքրությունների շրջանակներում: Որեւէ այլ մեկնաբանություն չունեմ այս մասով»: Նույն հարցը նաեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանին ուղղեցինք: «Այս պահին չեմ արձագանքի»,- նշեց նա: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը երեկ եւս շրջանցեց հարցը, թե Հայաստանը արդյոք պատրաստվում է ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը. «Ես այդ մասին այժմ մեկնաբանություն չեմ տա, քանի որ պետք է սպասեմ մինչեւ դիրքորոշում ձեւավորվի։ Ես հնարավորություն չեմ ունեցել իմ մյուս գործընկերների հետ քննարկելու երեկ երեկոյան տեղի ունեցած քաղաքական եւ աշխարհաքաղաքական զարգացումները»։ Փաստորեն, խորհրդարանական թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները խուսափում են հստակ դիրքորոշում հայտնել Դոնեցկում ու Լուգանսկում կատարվող իրադարձությունների մասով: Եվ մինչ Երեւանից չկա արձագանք, Արցախի նախագահն է շտապել ողջունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը իշխանության ու ժողովրդի անունից։ Պետականության միջազգային ճանաչումը Արայիկ Հարությունյանը համարել է քաղաքակիրթ միջոց արյունահեղության կանխարգելման համար ու զուգահեռներ անցկացրել Արցախի հետ:

 

 

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  նման առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նախատեսելով փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում:  Տեղեկացանք, որ, որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը՝ պաշտպանության եւ ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ եւ ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում: Նաեւ  հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը:  Հավելենք, որ նախագիծն ընդգրկված է կառավարւթյան նիստի այսօրվա օրակարգում: Իսկ սա արվում է այն բանի համար, որ Արտակ Դավթյանի լիազորությունները փոքրացվեն, վերջնարդյունքում մեղադրյալ Դավթյանը հեռացվի պաշտոնից: Ու մեծ հաշվով այս փոփոխությունն այն բանի համար է, որ Նիկոլ Փաշինյանը ունենա անձնական նախարար, որը ամբողջությամբ կտիրապետի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իրավիճակին՝ ենթարկվելով բացառապես իրեն, այսինքն՝ բանակը կունենա մեկ գլուխ, քանի որ կադրերն առանց այդ էլ շատ չեն:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը կկասեցնի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը: Բանն այն է, որ 1,5 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, թե Ադրբեջանի կողմից ով է իմացել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը կամ վերոնշյալ մեքենայում լինելու հանգամանքը եւ նախապատրաստել նրա սպանություն: Ասել է թե՝ քրեական գործով այդպես էլ մեղադրյալ չի հայտնվել: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար- Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այնուհետեւ Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։ Քրեական գործով հարցաքննվել էր Ջալալ Հարությունյանը:

 

«Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա: Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետք է ավտոմեքենաները մատակարարի մինչեւ այս տարվա ապրիլի 30-ը: Ի դեպ, մարդատար, ամենագնաց ավտոմեքենաները՝ Lada Niva Legend, կոմպլեկտավորումը-Classic արտադրության տարեթիվը՝ 2022 թվական, առավելագույն վազքը՝ 500 կմ, ավտոմեքենան նոր է եւ չօգտագործված, իսկ գույնը` սպիտակ: Պայմանագրում նշված չէ, թե ինչ նպատակով եւ առաջնահերթությամբ են գնվել, ինչու հիմա, եւ որ ամենակարեւորն է՝ որ կառույցի համար են գնվել ավտոմեքենաները:

 




Լրահոս