Ընտրությունների արդյունքներն ուժի մեջ մտնելուց հետո գովազդային պաստառները պետք է հանվեն. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կկանոնակարգվի քարոզչական պաստառներ փակցնելու կարգը:

Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»-ը սահմանում է քարոզչական պաստառներ եւ այլ նյութեր տեղադրելու, փակցնելու կարգը, սակայն հանման կարգ գոյություն չունի: Օրենքում որեւէ կերպ կարգավորված չէ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ փակցված նյութերի հանման կարգը: Եվ, պատգամավորի փոխանցմամբ, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամիսներ շարունակ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր ՀՀ մի շարք համայնքներում շարունակում են փակցված մնալ:

Օրինակ՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է մոտ ութ ամիս, սակայն քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր դեռեւս փակցված են մի շարք համայնքներում: Այս պայմաններում հասարակությունը շարունակաբար գտնվում է նախընտրական մթնոլորտում, որը բացասաբար է անդրադառնում մարդկանց առօրյա կենսագործունեության վրա: Այսպիսով, պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ուժի մեջ մտնելուց հետո այդ պաստառները պետք է հանվեն. եթե դա չեն անում կուսակցությունները, գովազդային կազմակերպությունները, պետք է անի համայնքի ղեկավարը եւ փոխհատուցում պահանջի իր ծախսերի համար այն տեղադրողներից:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս