«Եվրանեսթ»-ի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան եկած ադրբեջանցի պատգամավորներն այցելել ենԿապույտ մզկիթ, լուսանկարվել ու դրանք հրապարակել սոցցանցերի իրենց էջերում։
Ավելին, նրանք յուրացրել են իրանական մզկիթը։
«Մենք եղել ենք Կապույտ մզկիթում։ Ինչքան մեզ հայտնի է, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած տաճարի պատերին կան, որ այն պատկանում է մեկ ուրիշ պետության, դրա ճարտարապետությունը, պատերն ու ոգին հենց մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,-նշել է ադրբեջանցի պատգամավորը։
Եվ մինչ հայկական կողմից որեւէ գերատեսչություն չի արձագանքել ադրբեջանցի պատգամավորներին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»: Դեսպանությունը «Թվիթեր»-ի իր էջում հայերեն, պարսկերեն և անգլերեն գրություններով հրապարակել է մզկիթի և այնտեղ պարսկերենով արված պատմական արձանագրությունների լուսանկարը: «Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»,- նշվում է դեսպանության էջում անգլերենով արված գրառման մեջ:
ArmLur.am-ը դիմեց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչու չեն արձագանքել ադրբեջանցի պատգամավորներին եւ արդյոք արձագանք կլինի, թե ոչ: ԱԳ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ նախարարությունից մեզ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել:
Ն.Հ.