Թեև վանաձորցիները դեկտեմբերի 5-ի ընտրությամբ քաղաքը ղեկավարող ավագանի են ընտրել, բայց Վանաձորն առ այսօր համայնքապետ չունի: «50+» քվե այստեղ քաղաքական որևէ ուժ չէր հավաքել, առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն էլ իրավական գործընթացներով է անցնում: Նա այժմ կալանքի տակ է գտնվում: Համայնքի՝ մանդատ ստացած ավագանու անդամները նիստ չեն գումարել: Իրավիճակն այսպես երկար ձգվել չի կարող: Ավագանու անգործության, որոշումներ չընդունելու պատճառով կառավարությունը սահմանված ժամկետը լրանալուն պես տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրութուններ կնշանակի:
Մեր նկարահանող խումբը Վանաձորում մոտ մեկ ամիս առաջ էր եղել: Տեղացիները, դժգոհելով չկառավարվող քաղաքի խնդիրներից, առաջինն աղբահանության հարցն էին նշում: Խնդիրը, ըստ վանձորցիների, այսօր էլ լուծված չէ: Իհարկե, աղբահանության խնդիրն օր առաջ լուծում պահանջող հարց է, ասում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վանաձորցի Արմենուհի Կյուրեղյանը, բայց թիվ մեկ հրատապության խնդիրն այն է, որ խախտված է վանաձորցու համայնքապետ ունենալու իրավունքը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր Վանաձորում, նույնպես ասում է, որ Վանաձորում իշխանություն չի ձևավովում ԼՀԿ-ի նախաձեռնած դատական հայցի պատճառով:
«Լուսավոր Հայաստանը», հիշեցնենք, դեկետեմբերհինգյան ընտրություններից անմիջապես հետո բողոքարկել ու վերահաշվարկ էր պահանջել: Վերահաշվարկը կատարվել էր, բայց դրանից Լուսավորի ձայները չէին ավելացել: ԼՀԿ-ն դրանից հետո դիմել էր վերաքննիչ դատարան ու այսպես շարունակ: Կյուրեղյանի փոխանցմամբ՝ դատարանն առայժմ որոշում է արգելել ավագանու առաջին նիստի կայացումը, ինչի ժամանակ ընտրված ավագանին պետք է համայնքի ղեկավար ընտրի:
Ու մինչդեռ դատարանը երկար-բարակ քննարկում է վանաձորյան ավագանու ճակատագիրը, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը շարունակում է առանց ղեկավարի մնալ՝ չհաստատված բյուջեով ու առանց ռազմավարական պլանի:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան